Հունվարի 17-18-ը Աշոցքում կայացել է դահուկավազքի Հայաստանի առաջնության առաջին փուլը, որն ընդգրկված է Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային մրցաշարերի ցանկում: Մեդալներ են խաղարկվել դասական և ազատ ոճերի տղամարդկանց 10 և կանանց 5 կմ մրցատարածություններում: Երկու մրցաձևերում էլ մեդալակիր են դարձել նույն մարզիկները:
5 կմ դասական ոճ, կանայք
- Գալստյան Կատյա (19:11.1)
- Մուրադյան Անգելինա (23:30.4)
- Խաչատրյան Նելլի (23:55.2)
5 կմ ազատ ոճ, կանայք
- Գալստյան Կատյա (18:16.2)
- Մուրադյան Անգելինա (21:39.8)
- Խաչատրյան Նելլի (23:09.9)
10 կմ դասական ոճ, տղամարդիկ
- Միքայելյան Միքայել (40:01.1)
- Պողոսյան Թադևոս (40:42.8)
- Ոսկանյան Սպարտակ (43:59.9)
10 կմ ազատ ոճ, տղամարդիկ
- Միքայելյան Միքայել (38:29.9)
- Պողոսյան Թադևոս (39:16.0)
- Ոսկանյան Սպարտակ (42:05.9)
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանի խոսքով՝ առաջնության գլխավոր դժվարությունը եղել է ձյան սակավությունը, իսկ մարզիկների արդյունքները հնարավոր կլինի գնահատել երկրորդ փուլից հետո:
«Հայաստանի առաջնությունը փուլերով անցկացնելով՝ մարզիկներին շատ մեկնարկներ ունենալու, իսկ մարզիչներին՝ մարզիկներին հետևելու և փուլ առ փուլ համապատասխան շտկումներ կատարելու հնարավորություն ենք տալիս»,- ասել է Գ. Սարգսյանը և հավելել՝ հաջորդ տարի նախատեսում են ավելացնել առաջնության փուլերը և մրցաձևերը, իսկ աշխարհագրությունը՝ ընդլայնել:
Հավելենք, որ մրցանակակիրներից Միքայել Միքայելյանը, Թադևոս Պողոսյանն ու Կատյա Գալստյանը հունվարի 29-31 շվեդական Ֆալուն քաղաքում մասնակցելու են Աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին, իսկ Հայաստանի առաջնության երկրորդ փուլը նախատեսված է անցկացնել փետրվարի 12-14-ը: