Եվրամիության աջակցությամբ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում իրականացվող «Էրազմուս+» ծրագրի շրջանակում մեկնարկում է «Շրջանավարտների աշխատունակությունը բարձրացնելու նպատակով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (ԱՀՈՒ) ներդրում Հայաստանի և Մոլդովայի բարձրագույն կրթության համակարգերում» (WBL4JOB) նախագիծը:
Ծրագրի նպատակը եվրոպական փորձի տեղայնացմամբ աշխատանքի վրա հիմնված բուհական կրթության նոր քաղաքականության ներդրումն է, որի փորձարկումը հնարավորություն կստեղծի մշակել համապատասխան իրավական ակտեր և բարձրագույն կրթության ընդհանրական մոդել։
Նախագծի մեկնարկի հանդիպումը տեղի է ունեցել առցանց հարթակում: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՖՀՀ ռեկտոր Բերտրան Վենարը, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչը:
Նախարարի տեղակալը, կարևորելով կրթության մոդելների արդիականացման խնդիրը, նշել է, որ մեկնարկող ծրագիրը կնպաստի աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կիրառման մոդելի ներդրմանը մասնակից երկրներում. «Նախարարությունը՝ որպես կրթության քաղաքականություն իրականացնող լիազոր մարմին, կարևորում է աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ներդրումը նաև բարձրագույն կրթության մեջ: Նախագիծը նոր հնարավորություն կընձեռի, որպեսզի բուհերի շրջանավարտներն ավելի արագ ինտեգրվեն աշխատաշուկային»:
Արթուր Մարտիրոսյանը նաև կարևորել է բուհերի, մասնավոր հատվածի և պետական ինստիտուտների համագործակցությունը ծրագրի իրականացման գործընթացում, ինչպես նաև միջբուհական համագործակցության մեջ այլ բուհերի ներգրավումը՝ հաստատակամություն հայտնելով աջակցել WBL4JOB նախագծին՝ հաջողության դեպքում այդ փորձառությունը ՀՀ այլ բուհերում ներդնելու հեռանկարով:
WBL4JOB նախագծի կոնսորցիումը ներառում է 12 կազմակերպություն, այդ թվում՝ պետական և հանրային կառույցներ, բարձրագույն ուսումնական հաստատություններ Հայաստանից, Մոլդովայից, Ֆրանսիայից, Բելգիայից և Ավստրիայից: Ծրագրում ներառված են հետևյալ կառույցները`
- Հայաստանում ֆրանսիական համալսարանը,
- Շիրակի պետական համալսարանը,
- Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը,
- Հայաստանի բանկերի միությունը,
- Մոլդովայի առևտրային կոոպերատիվ համալսարանը,
- Բալթիի Արեկու Ռուսոյի անվան պետական համալսարանը,
- Մոլդիկոբանկը,
- Մոլդովայի կրթության, մշակույթի և հետազոտության նախարարությունը,
- Լիոնի Ժան Մուլեն 3 համալսարանը,
- Ստրասբուրգի համալսարանը,
- Կրեմսի կիրառական գիտությունների համալսարանը։
«Շրջանավարտների աշխատունակությունը բարձրացնելու նպատակով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (ԱՀՈՒ) ներդրում Հայաստանի և Մոլդովայի բարձրագույն կրթության համակարգերում» (WBL4JOB) նախագիծը ներկայացրել է Հայաստանի ֆրանսիական համալսարանը, որը «Էրազմուս+» ծրագրի հայտարարած մրցույթում հաղթող է ճանաչվել և ստացել համաֆինանսավորում (նախագծի մանրամասներին կարելի է ծանոթանալ՝ այցելելով նախագծի կայք՝ www.wbl4job.com):
Նախագծի մեկնարկին նվիրված առցանց հանդիպման ժամանակ մասնակիցները քննարկել են ծրագրի իրականացման, ինչպես նաև աշխատանքի վրա հիմնված ուսումնառության մոդելի մշտադիտարկման և հաշվետվողականության մեթոդաբանությունը՝ կարևորելով մասնակից երկրներում այս ոլորտի զարգացման գործընթացում ԵՄ պետություններում կիրառված լավագույն փորձի կիրառումը:
Ակնկալվում է, որ նախագծի իրականացումը կնպաստի Հայաստանի և Մոլդովայի բարձրագույն կրթության համակարգերում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ծրագրերի ներդրմանը՝ միտված աշխատաշուկայում շրջանավարտների մրցունակության բարձրացմանը, ինչը բուհերին և գործատուներին թույլ կտա առավել արդյունավետ համագործակցել: