Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր ավարտվել է Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի առաջնությունը, որին մասնակցել է ավելի քան 100 մարզիկ:

10 քաշային կարգերում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել են Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Մոնթե Մխիթարյանը (67 կգ), Նշան Անտոնյանը (73 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը (109 կգ) և Գոռ Մինասյանը (+109 կգ):

Նշենք, որ 89 կգ քաշային կարգում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանն այս առաջնությունում պայքարի է դուրս եկել 96 կգ քաշային կարգում և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը, իսկ 2016 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 109 կգ քաշային կարգում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը հանդես է եկել գերծանր քաշային կարգում և եզրափակել լավագույն եռյակը:

Վերջինս շարունակում է ապաքինվել ծնկի վնասվածքից և հույս ունի՝ լավագույն մարզավիճակով մասնակցել ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությանը. «Բարեբախտաբար, արդեն ամեն ինչ նորմալ է: Աստիճանաբար վնասվածքս անհարմարություններ չի առաջացնում, այսօր մոտեցումները նորմալ կատարեցի: Հանդես եկա հնարավորություններիս 60-70%-ով, սակայն մինչև Եվրոպայի առաջնությունը կհասցնեմ լավ մարզավիճակ ձեռք բերել»:

Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, խոսելով առաջնության ընդհանուր մակարդակից, նշել է, որ տքնաջան աշխատանքի շնորհիվ կարողացել են հնարավորինս դիմակայել համավարակի հարուցած խնդիրներին. «Մեկ տարի է՝ մրցումների չէինք մասնակցել, դժվարությունները շատ էին, սակայն հնարավոր ամեն բան արել եմ, որպեսզի դրանք ծանրորդների վրա չազդեն: Առջևում Եվրոպայի առաջնությունն է, որին կներկայանանք 10 մարզիկով: Չնայած առկա դժվարություններին՝ հույս ունեմ, որ հաջողությամբ հանդես կգանք և հաղթանակ կբերենք մեր երկրին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ավարտվել էր Հայաստանի կանանց ծանրամարտի առաջնությունը, որին մասնակցել էր 35 մարզուհի. արդյունքներին կարող եք ծանոթանալ այս հղմամբ:

Հավելենք նաև, որ փետրվարի 10-ից կանանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնելու Աբովյանի մարզաբազայում, իսկ տղամարդկանցը՝ Ծաղկաձորի: