Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի հովանու ներքո, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի և «Հայ երգչախմբային դիրիժորների» ասոցիացիայի համագործակցությամբ տեղի է ունեցել համերգ` նվիրված Երգչախմբային արվեստի միջազգային օրվան և Արցախյան պատերազմի հերոսներին: Համերգին մասնակցել են Հայաստանի և 7 այլ երկրների երգչախմբեր:

Երգչախմբային արվեստի միջազգային օրը 1990 թվականից նշվում է ամեն տարի` դեկտեմբերի երկրորդ կիրակի օրը:

Այդ օրվա առիթով բազմաթիվ երկրների հարյուր հազարավոր երգչախմբեր ելույթներով միանում են տոնին:

2006 թվականից ամեն տարի Հայաստանը, ի դեմս Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի, տարբեր ձևաչափերով միանում է այս տոնին:

Միջոցառումն անցկացվել է «Կոմիտաս փառատոնի» շրջանակում: Միջոցառման մեկնարկը` ուղղված միջազգային հանրությանը, տրվել է Արցախյան պատերազմի իրական պատկերը ներկայացնող անգլերեն ուղերձով և լրացվում էր Հայաստանի մասին պատմող տեսաշարերով` ցույց տալով թշնամու իրական դեմքը, Արցախում նրանց ծավալած ազգասպան գործունեությունը, պատերազմի ծագման իրական պատճառները, հրադադարից հետո տարածաշրջանում հաստատված իրավիճակի ճշմարիտ պատկերը:

«Միանում ենք՝ երգելու խաղաղության, միասնության, սիրո և բացարձակ արժեքների մասին, հանուն որոնց ապրել ենք դարեր շարունակ: Սակայն, այսօր հայի սիրտը չի երգում»,- ասված է ուղերձում:

Չնայած համավարակին` Հայաստանից և տարբեր երկրներից 210 երգիչներ մասնակցել են համերգին:

Օգտագործվել է նաև Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի ֆեյսբուքյան հարթակը՝ համերգն առցանց հեռարձակելու համար:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մայրաքաղաքի երգչախմբերի հետ բեմում էին նաև Տավուշից և Արցախից ժամանած երգչախմբերը, իսկ համերգի ընթացքում առցանց միացել են երգչախմբեր սահմանամերձ Բերդից, Լիտվայից, Մոլդովայից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, Իսրայելից և Գերմանիայից:

Համերգի ավարտին բոլոր մասնակից երգչախմբերը կատարել են «Էրեբունի-Երևան» ստեղծագործությունը: