Դեկտեմբերի 12-18-ը Բելգրադում (Սերբիա) կայանալու է ըմբշամարտի Աշխարհի գավաթի խաղարկությունը, որին Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը կմասնակցի 9 ըմբիշով:
Մեդալների համար պայքարելու են Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Գևորգ Ղարիբյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), Դավիթ Օվասապյանը (130 կգ): Այս օրերին ըմբիշներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում: Հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանի խոսքով` մասնակիցների ընտրությունը հեշտ չի եղել, քանի որ կորոնավիրուսի համավարակով և պատերազմով պայմանավորված՝ տևական ժամանակ մրցաշարեր չեն անցկացվել:
«Ըմբիշներից շատերը գրեթե մեկ տարի մրցումների չեն մասնակցել: Աշխարհի գավաթի խաղարկության նախապատրաստական փուլը հասկանալի պատճառներով մի քանի անգամ խափանվել է: Արտերկրում նախատեսված հավաքները և մրցաշարերը չեն կայացել, սակայն դա մեզ չի խանգարի պայքարել մեդալների համար»,- ասաց Գևորգ Ալեքսանյանը:
Մարզիչն ընդգծեց նաև, որ այժմ ըմբիշներն առավել քան մարտական են տրամադրված, քանի որ հասկանում են` որքան կարևոր է այս շրջանում հաղթանակներ տոնելը. «Անգամ ոչ լիարժեք պատրաստված վիճակում պետք է փորձենք անել առավելագույնը: Այժմ անհրաժեշտ է բարձրացնել մեր ժողովրդի տրամադրությունը, մեր երկրին կրկին մեծ ու փոքր հաղթանակներ պարգևել և վերականգնել սեփական ուժերի նկատմամբ հավատը: Հավաքականի տղաները դա շատ լավ գիտակցում են: Յուրաքանչյուրը պետք է պատասխանատու լինի իր բնագավառում և մեր երկրին կրկին հաղթանակներ պարգևի: Պետք է հաղթահարենք ընկճվածությունը, պետք է կրկին բարձրանանք և քայլենք»:
Հավելենք, որ Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու են նաև ազատոճային ըմբիշները: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզչական կազմը մասնակիցների ցանկը կհրապարակի առաջիկա օրերին: