Հեղինակավոր «The Art Newspaper» պարբերականը «Հայկական հուշարձանները՝ ղարաբաղյան հակամարտության կրակի գծում» վերնագրով հոդված է հրապարակել` անդրադառնալով պատերազմական գործողությունների պատճառով հայկական պատմամշակութային ժառանգության և հնագիտական վայրերի վտանգված լինելու խնդրին։ Պարբերականը գրում է, որ հակամարտության գոտում կան բազմաթիվ կրոնական և քաղաքակրթական կարևոր կառույցներ, հուշարձաններ և արվեստի տարբեր նմուշներ՝ ներառյալ հնավայրեր, որոնց մի մասն այժմ հարձակման տակ է։

Անդրադառնալով հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ մայր տաճարի հրթիռակոծությանը՝ «The Art Newspaper»-ը գրում է, որ թեև Ադրբեջանը հերքել է իր ուժերի կողմից պատմական, մշակութային և հատկապես կրոնական կառույցների և հուշարձանների թիրախավորումը, բայց ըստ Կոլորադոյի Դենվեր քաղաքում բնակվող հայազգի քաղաքագետ Սիմոն Մաղաքյանի՝ Ադրբեջանը դիտավորյալ գնդակոծում է սրբավայրերը, որ վերացնի հայկական և քրիստոնեական անցյալը վկայող փաստերը, հետևապես նաև տարածքային պատկանելությունը։ Անցյալ տարի «Hyperallergic» առցանց ամսագրում Մաղաքյանն ամենայն մանրամասնությամբ ներկայացրել է Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության ոչնչացումը Նախիջևանում, որտեղ ոչնչացվել է 89 միջնադարյան եկեղեցի, 5840 խաչքար և 22000 տապանաքար:

«Այժմ, կարելի է ասել, որ Լեռնային Ղարաբաղի բոլոր 4000 մշակութային ժառանգության օբյեկտները լուրջ սպառնալիքի տակ են, այդ թվում՝ պատմական Ամարաս քաղաքի հինգերորդ դարի Սուրբ Գրիգորիսի դամբարանը և 13-րդ դարի Դադիվանքը, որը հիմնադրվել է որպես մատուռ 1-ին դարում»,- «The Art Newspaper»-ին ասել է Սիմոն Մաղաքյանը։

Ներկայացնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի՝ հոկտեմբերի 9-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված նամակը՝ հեղինակավոր պարբերականը գրում է, որ նույն օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր կայքում տեղադրել է դատապարտող հայտարարություն, որով լուրջ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնության շարունակական սրման կապակցությամբ, ինչը հանգեցնում է քաղաքացիական զոհերի աճի և վնասում է քաղաքացիական ենթակառուցվածքները՝ ներառյալ դպրոցները, մշակութային և կրոնական վայրերը, և ազդում լրագրողների անվտանգության վրա: Այս կապակցությամբ քաղաքագետ Սիմոն Մաղաքյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին մեղադրում է մշակութային արժեքների ոչնչացման վրա աչք փակելու մեջ՝ ասելով, որ դա «մեղսակից լռություն է Ադրբեջանի մշակութային ցեղասպանության գործողությունների հանդեպ»:

Ս․ Մաղաքյանը կարծիք է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի շտապում արձագանքել երկու պատճառով` առաջինն Ադրբեջանի ֆինանսական ներդրումներն են (2013-ին ԱՄՆ-ը ֆինանսավորումը դադարեցնելուց հետո Ադրբեջանը 5 միլիոն դոլար է նվիրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին), երկրորդը՝ կապերը երկու նախկին գլխավոր տնօրենների՝ Կոիչիրո Մացուրայի և Իրինա Բոկովայի հետ: 2017-ին «The Guardian» պարբերականը պարզել է, որ Բոկովայի ամուսինը՝ Կալին Միտրևը, առնվազն 425,000 եվրո (500,000 ԱՄՆ դոլար) խորհրդատվական վճար է ստացել հասարակայնության հետ կապերի մի ընկերությունից, որը 3 մլրդ դոլար անօրինական մուծումների միջոցով փորձել է Ադրբեջանին դարձնել ավելի ազդեցիկ միջազգային ասպարեզում։ Իսկ Մացուրան եղել է Բաքվի միջազգային բազմամշակութային պետական կենտրոնի հոգաբարձու և այս տարի հուլիսին Ադրբեջանի կողմից արժանացել է դիվանագիտական ծառայության մեդալի։ «The Art Newspaper»-ը գրում է, որ Բոկովան և Մացուրան անհասանելի են մեկնաբանություն տրամադրելու համար, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրաժարվել է մեկնաբանել այս մեղադրանքները՝ հղում անելով իր այն հայտարարությանը, որով դատապարտում էր բռնությունը։

Հանրահայտ լրատվամիջոցը շարունակում է՝ «2019 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի հանդիպումը տեղի է ունեցել Բաքվում։ Հանդիպման ժամանակ ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակույթի գծով գլխավոր տնօրենի օգնական Էռնեստո Օտտոն Ռամիրեսը երկու կողմին խնդրել է թույլատրել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեսուչները վերահսկում իրականացնելու նպատակով այցելեն Լեռնային Ղարաբաղ։ Հարցումը, սակայն, չի բավարարվել»։

Հոդվածի վերջում «The Art Newspaper»-ը գրում է՝ «Հետևելով վերջին թշնամական գործողությունների էսկալացիային՝ մի շարք հանրահռչակ գիտնականներ և մտավորականներ՝ ներառյալ Նոամ Չոմսկին, Գայատրի Չակրավորտի Սպիվակը, Թարիք Ալին, Վիգեն Բերբերյանը, Ջուդիթ Հերմանը և փիլիսոփաներ Քորնել Վեսթը և Սեյլա Բենհաբիբը, հոկտեմբերի 16-ին հրատարակել են բաց նամակ «Los Angeles Review of Books»-ում, որում կոչ են անում պահպանել հրադադարը և վերջ տալ արյունահեղությանը՝ մարդկային ու մշակութային ջարդին։ «Մենք հիշեցնում ենք ձեզ, որ ռմբակոծության գոտին ընդգրկում է հնագիտական այնպիսի վայր, ինչպիսին է հնագույն հայկական քաղաք Տիգրանակերտը»,-ասված Է բաց նամակում»։

«The Art Newspaper»-ի հրապարակմանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այս հղմամբ` https://bit.ly/31PvgbP

Լուսանկարը՝ Celestino Arce/NurPhoto-ի