(Խրախուսվում է առցանց ծրագրերի իրականացումը)

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մշակութային դրամաշնորհային ծրագրերի 2020 թվականի 3-րդ մրցութաշրջանի բացումը, որը միտված է պետական միջոցների բաշխման թափանցիկ և մրցակցային համակարգի գործադրման, ազատ և մասնակցային մշակութային դաշտի ձևավորման, պատմամշակութային ժառանգության պահպանման և արդյունավետ կառավարման, տարբեր հարթակներում հայկական մշակույթի ներկայացման ապահովմանը:

Մրցույթի անվանակարգերը

Մրցույթն անցկացվում է 2 անվանակարգում: Յուրաքանչյուր անվանակարգում հայտի ներկայացման և մրցույթի մասնակցության համար, բացի մրցույթի ընդհանուր պայմաններից, սահմանված են հավելյալ չափորոշիչներ:

  1. Թանգարանային և գրադարանային ոլորտների նախագծեր և միջոցառումներ (այդ թվում՝ կրթական)
  2. Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ

Մրցույթի մասնակցության կարգը և պայմանները

  • Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գրանցված շահույթ չհետապնդող կազմակերպությունները, որոնք ունեն գրականության, ստեղծարար արդյունաբերության զարգացմանը, մշակութային ժառանգության, արևմտահայերենի պահպանության և հանրայնացման, Հայաստան-Սփյուռք մշակութային կապերի արդիականացման և ամրապնդման, մշակութային զբոսաշրջության, մարզերում մշակութային կյանքի ակտիվացման, մշակութային կրթության և ներառականության խթանմանն ուղղված նորարարական և հեռանկարային նախագծեր:
  • Հայտերը ներկայացվում են նախարարության պատվերով իրականացվող դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցույթի անցկացման կարգի* համապատասխան:

*Ծանուցում. Դրամաշնորհային մշակութային ծրագրերին մասնակցելու մանրամասն տեղեկատվությունը ներառված է կարգում:

Մրցույթի մասնակցության փաթեթը ներառում է՝

  • Հայտաձև՝ համաձայն ձևաչափի (Ձև N 1),
  • Նախահաշիվ՝ համաձայն ձևաչափի (Ձև N 2),
  • Կազմակերպության կանոնադրության և պետական ռեգիստրի վկայականի պատճենները,
  • Տեղեկանք հարկային ծառայությունից՝ հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ,
  • Տեղեկանք նախագծի համագործակցող և համաֆինանսավորող կողմերի մասին,
  • Ծրագրին առնչվող նյութեր (առկայության դեպքում)՝ լուսանկարներ, տեսանյութեր, ձայնագրություններ, էսքիզներ:

Հայտադիմումը պետք է լրացվի հայերեն: Կից փաստաթղթերը պետք է լինեն հայերեն կամ համապատասխան հայերեն թարգմանությամբ:

Հայտադիմումի փաթեթի լրացման ընթացքում առաջացած հարցերի և խորհրդատվության համար կարող եք դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ յուրաքանչյուր ծրագրի համապատասխան անվանակարգի ներքո զետեղված հեռախոսահամարով։

Հայտադիմումի փաթեթը ներկայացվում է նախարարության ընդհանուր բաժին՝ թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով (նյութերի ծավալը չպետք է գերազանցեն 20MB)՝ և ընդունվում է մինչև մրցույթի մասին հայտարարությամբ սահմանված ժամկետի ավարտը:

Մասնակիցը չի կարող նույն անվանակարգով, նույն մրցաշրջանում ներկայացնել մեկից ավելի հայտ: Անվանակարգին չհամապատասխանող և թերի լրացված հայտերը մերժվում են:

Մրցույթի իրականացման ժամանակացույցը
Մրցույթի մեկնարկ 01.09.2020
Հայտերի
ներկայացման վերջնաժամկետ 22.09.2020

Ծրագրի տևողությունը և բյուջեն

Դրամաշնորհները տրվում են միայն ընթացիկ տարվա համար։ Կախված ուղղությունից, նախարարության ռազմավարական գերակայությունների հետ համապատասխանությունից և ներկայացված բյուջեի ծավալներից՝ ծրագրերը կարող են ֆինանսավորվել մասնակի կամ ամբողջապես։