Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության նախագծի մշակման աշխատանքային խմբի վերջին հանդիպմանը, բացի ԿԳՄՍՆ ներկայացուցիչներից, տեսակապի միջոցով մասնակցել են նաև մրցակցային հիմունքներով ընդգրկված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, երիտասարդական ոլորտի փորձագետներ, երիտասարդներ։ Ողջունելով մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով ռազմավարության նախագծի մշակման աշխատանքներին մասնակցելու համար՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության մշակման գործընթացի մասնակցայնությունը, դրանում բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը: Հանդիպման ընթացքում ներկայացվել և քննարկվել են Հայաստանի Հանրապետության առաջիկա հինգ տարիների երիտասարդության քաղաքականության տեսլականն ու թիրախները՝ հիմք ընդունելով նախընթաց տարիների փորձառությունը, տարբեր երկրների և, մասնավորապես, արևելաեվրոպական երկրների երիտասարդության քաղաքականության փորձը, ինչպես նաև Հայաստանում երիտասարդների կարիքների և ակնկալիքների բացահայտմանը միտված հետազոտություններից ու վերլուծություններից բխող առաջարկները: Քննարկումների արդյունքում հաստատվել է ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության նախագծի մշակման ժամանակացույցը, ըստ որի, նախատեսվում է աշխատանքներն ավարտել 2020 թվականի տարեվերջին: