Մայիսի 21-ին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է Երերույքի 6-րդ դարի տաճարի և փոքր դամբարանի թաղերի ամրակայման, Անիպեմզայի մշակույթի տան վերականգնման և թանգարանի ստեղծման նախագծային և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման ծրագիրը, որը կիրականացվի «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ։

Այս կապակցությամբ ՌՕՔԵՄՓ Մշակութային ժառանգության կառավարման, արժևորման և պաշտպանության տարածաշրջանային կենտրոնը կազմակերպում է վեբինար պրոֆեսոր Պատրիկ Դոնաբեդեանի մասնակցությամբ՝ հուշարձանի տարածքում իրականացված հնագիտական ուսումնասիրությունների պատմության շուրջ։ Պատրիկ Դոնաբեդեանը Université d'Aix-Marseille (Էքս-ան-Պրովանս, Ֆրանսիա) հայագիտական ​​հետազոտությունների դոցենտ է և 2009 - 2016 թթ. եղել է Laboratoire d'Archéologie Médiévale-ի կողմից անցկացվող Երերույքի բազիլիկայի և հնագիտական ​​պեղավայրի միջդիսցիպլինար հնագիտական ​​ուսումնասիրության տնօրեն։

Վեբինարը կազմակերպվում է ՌՕՔԵՄՓ կենտրոնի «ՌՕՔԵՄՓ 2020 մշակութային ժառանգության փորձագետների վերապատրաստում» դասընթացի շրջանակում, որը համաֆինանսավորվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Համագործակցության զարգացման իտալական գործակալության (AICS) և Բոլոնիայի Ալմա մատեր ստուդորիում համալսարանի կողմից:

Վեբինարը կանցկացվի մայիսի 27-ին, ժամը 19։00-21։00-ն (Երևանի ժամանակով), ZOOM հարթակում։ Աշխատանքային լեզուն անգլերենն է։ Վեբինարին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝ https://bit.ly/3gqEEYU

Գրանցվողներին հղումը կուղարկվի նախապես։