ՀՀ կառավարության այս տարվա կապիտալ ծրագրերի շրջանակում գործադիրի այսօրվա նիստում հաստատվել է մշակութային մի շարք կառույցների ամրակայման, նորոգման, վերականգնման և գիտանախագծային փաստաթղթերի կազմման և փորձաքննության իրականացման փաթեթը, որն առաջարկվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Այդ նպատակով վերաբաշխում է կատարվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի կրթության ոլորտի բյուջետային ծախսերում և խնայված միջոցներից հատկացվել շուրջ 422 մլն դրամ մի շարք հուշարձանների բարեկարգման աշխատանքներին: Նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է փաթեթում ընդգրկված հուշարձանների ցանկը և նախատեսվող աշխատանքները:
ՀՀ Շիրակի մարզում`
- Վահրամաբերդ համայնքի Մարմաշեն վանական համալիրի ուսումնասիրում, ամրակայում,
- Երերույքի տաճարի և փոքր դամբարանի թաղերի ամրակայում,
- Անիպեմզայի մշակույթի տան վերականգնում և փոքրիկ թանգարանի ստեղծում,
- Հոռոմ համայնքի Սբ Հռիփսիմե եկեղեցու ամրակայում, նորոգում և վերականգնում:
ՀՀ Վայոց ձորի մարզում`
- Շատիվանքի վանական համալիրի ամրակայում, մասնակի վերականգնում և տարածքի բարեկարգում:
ՀՀ Արագածոտնի մարզում`
- Ագարակ հնավայրի վաղ բրոնզի դարի կացարանների, միջնադարյան համալիրի և պարսպապատի ամրակայում:
ՀՀ Արարատի մարզում`
- Լուսառատ համայնքի Արտաշատ քաղաքատեղիի բաղնիքի ամրակայում և մասնակի վերականգնում,
- Հնաբերդ համայնքի Դվին հնավայրի բնակելի հատվածի (տան) ամրակայում, նորոգում, վերականգնում և տարածքի մասնակի բարեկարգում:
ՀՀ Լոռու մարզում`
- Թումանյան համայնքի Քոբայրավանք համալիրի գլխավոր եկեղեցուն կից մատուռի (տանիքի) նորոգում:
ՀՀ Կոտայքի մարզում`
- Մեղրաձոր համայնքի Թեժառույք վանական համալիրի ամրակայում և տարածքի բարեկարգում,
- Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» արձանի վերականգնում,
- Բյուրեղավանի համայնքի «Արձագանք» արձանի վերականգնում:
- Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի պատրաստում և Երևանի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում տեղադրում` ի հիշատակ աշխարհահռչակ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի:
- «Լոռեցի Սաքո» քանդակի վերականգնում, որը կտեղադրվի ՀՀ Լոռու մարզի Դսեղ գյուղում, նախատեսվում է նաև տարածքի բարեկարգում:
- Որոշվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը թույլատրել ՝ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի «Մշակութային ժառանգության ծրագրի» շրջանակում Դսեղի Բարձրաքաշ Սբ Գրիգոր վանական համալիրի ամրակայման, Ալավերդի համայնքի Սանահին վանքային համալիրի Սբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքների նորոգման և Հոռոմ համայնքի Սբ Հռիփսիմե եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների իրականացման համար կիրառել 2019 թվականին կնքված պայմանագրերը` աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ժամկետներն երկարաձգելով մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը: