Ազգային ժողովում քննարկվել են «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» և ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը և դրանք երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած հիմնական փոփոխությունները ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ դրա հետ կապված բավականին արդյունավետ քննարկումներ են անցկացվել ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում։

Ըստ նախարարի՝ սկզբունքային հարցերից մեկը վերաբերել է հեռավար կրթությանը, և քանի որ բոլոր խմբակցություններն այս ձևակերպման հետ կապված ունեցել են մտավախություններ, նախարարությունը այդ դրույթը վերաձևակերպել է այնպես, որ հեռավար կրթությունը դիտարկվի որպես կրթական ծրագրի իրականացման ձև։ «Հանվել է այլընտրանքային ձևը, որպեսզի դպրոցների համար պատրվակ չդառնա, որ վերջիններս ամբողջությամբ անցնեն հեռավար կրթության, եթե հնարավորություն կա ներգրավվել նոր մասնագետի: Հեռավար կրթությունը հիմնական հանրակրթական ծրագրերի կազմակերպման ընթացքում կարող է կիրառվել կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանված կարգով բացառիկ դեպքերում և որոշակի ժամկետներում»,-հստակեցրել է Արայիկ Հարությունյանը՝ մանրամասնելով, որ եթե, դիցուք, երկու անգամ ուսուցչի մրցույթ է կազմակերպվել և տվյալ տեղի համար դիմորդ չի եղել կամ մրցույթը չի կայացել, ապա կարող է իրականացվել հեռավար կրթություն` մինչև մրցույթի արդյունքով ուսուցիչ ընդունելը:

Հաջորդ փոփոխությունը՝ մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդները ՀՀ կառավարության հաստատած կարգով կարող են ներգրավվել դպրոցի տնօրենի ընտրության գործընթացում՝ սրանով մեծացնելով վերջիններիս դերակատարությունը:

Սովորողների ընդունելության կազմակերպման գործընթացում առաջնահերթությունը կտրվի տվյալ դպրոցում քույր և եղբայր ունեցող, ինչպես նաև տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին՝ հաշվի առնելով նաև նախորդ տարվա ընդունելության ժամանակ հնչեցված հիմնական բողոքները:

Փոփոխվել են տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն և դաստիարակ մրցույթների անվանակարգերը և սահմանվել է տարվա լավագույնը անվանակարգ:

Սահմանվել է, որ կրեդիտային համակարգը ներդրվելու է միայն 10-12-րդ դասարաններում:

Նախագծով կրթության պետական կառավարման լիազոր մարմնին վերապահվել են պետական ուսումնական հաստատություններն անվանակոչման, հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների երկարօրյա ուսուցման կազմակերպման, պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգերը, ինչպես նաև ուսումնական հաստատությունների վարչական և մանկավարժական աշխատողների, աշակերտների և ծնողների էթիկայի նորմերը սահմանելու լիազորող նորմեր: