Ըմբիշ Կարապետ Չալյանը բրոնզե մեդալ է նվաճել Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնությունում։ 77 կգ քաշային կարգի երրորդ տեղի համար գոտեմարտում Կարապետ Չալյանը մրցել է Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանի հետ։ Առաջին մրցափուլում Չալյանը հաղթել է 3:0 հաշվով, իսկ մրցակիցը ձեռքի վնասվածք է ստացել, որի պատճառով չի կարողացել շարունակել գոտեմարտը։
Եվրոպայի առաջնությունում Կարապետ Չալյանը պայքարը սկսել է որակավորման փուլից՝ 11:2 հաշվով հաղթելով Շվեյցարիայի ներկայացուցիչ Նիկոլաս Պետեր Կրիստնենին: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 3:1 հաշվով հաղթել է սերբ Վիկտոր Նեմեշին, քառորդ եզրափակչում 5:2 հաշվով պարտության է մատնել բելառուս Պավել Լյախին, իսկ կիսաեզրափակչում պարտվել է ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին՝ 0:3:
Այսօր հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականից ոսկե մեդալի համար պայքարելու են Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Գևորգ Ղարիբյանը (60 կգ), իսկ Կարեն Ասլանյանը (67 կգ) գոտեմարտելու է բրոնզե մեդալի համար: