Փետրվարի 10-16-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ազատ ոճի մրցումներում Հայաստանը կունենա 10 ներկայացուցիչ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզչական անձնակազմի որոշմամբ՝ Եվրոպայի առաջնության մեդալների համար պայքարելու են Միհրան Ջաբուրյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Գևորգ Մխեյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Մարզպետ Գալստյանը (92 կգ), Սարգիս Հովսեփյանը (97 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ):

Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը նշել է, որ կազմն ընտրելիս հաշվի են առնվել Հայաստանի առաջնության և վերջին միջազգային մրցաշարերի արդյունքները: Մարզչի խոսքով՝ առաջնությունից ակնկալիքները մեծ են. «Բոլոր ըմբիշները պատրաստ են Եվրոպայի առաջնությանը, տղաները վնասվածքներ չունեն, այնպես որ՝ լավ մասնակցության ակնկալիքներ ունենք, մնացածը գորգը ցույց կտա»:

Եվրոպայի առաջնությանն Օլիմպիական խաղերի ուղեգրեր չեն խաղարկվի, սակայն, այս ստուգատեսի արդյունքները Հ. Կուրղինյանը հաշվի կառնի հաջորդիվ կայանալիք վարկանիշային մրցաշարերի կազմ ընտրելիս: Թեև այս պահին ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր չունի, սակայն մարզիչը հույս ունի՝ կհաջողվի 2-3 ուղեգիր նվաճել:

Մինչև Հռոմ մեկնելն հավաքականը մարզումներ է անցկացնում «Օլիմպավանում: Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը նախապատրաստական ընթացքից գոհ է, մարտական է տրամադրված.

«Մարդիկ, որոնք կարծում են, թե պատահաբար եմ հաղթել Եվրոպայի առաջնությունում, այս անգամ կհամոզվեն, որ պատահականություն չի եղել: Լավ մարզավիճակում եմ: Աշխարհի առաջնությունից հետո լիովին վերականգնվել եմ ֆիզիկապես ու հոգեբանորեն: Այս ընթացքում մարզիչների գլխավորությամբ արդյունավետ հավաքներ ենք ունեցել: Նոր փուլ է սկսվում, որին փորձելու եմ լավ մասնակցել»:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ևս ունենալու է 10 ներկայացուցիչ: