Փետրվարի 10-16-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը կունենա 10 ներկայացուցիչ: Հավաքականի մարզչական անձնակազմը որոշել է, որ առաջիկա ստուգատեսին մասնակցելու են Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Ռուբեն Ղարիբյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ):

Հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը նշել է, որ կազմն ընտրելիս հաշվի են առել Հայաստանի առաջնության արդյունքները, բայց հետագա մրցումներում հնարավոր են փոփոխություններ. «Այս կազմի ընտրությունը մարզչական անձնակազմի որոշումն է, որի հիմքում Հայաստանի առաջնության արդյունքներն են: Հետագա որոշումները կկայացնենք Եվրոպայի առաջնությունից հետո: Ցանկացած առաջնություն պատասխան է տալիս հետագա մրցաշարերի համար: Այդ իսկ պատճառով հաջորդող մրցումների համար նախապես որոշումներ չենք կայացրել: Այժմ կենտրոնացել ենք Եվրոպայի առաջնության վրա, որից հետո կմտածենք մեր վարկանիշների և հետագա քայլերի մասին»,-ասել է Էդուարդ Սահակյանը:

Հավաքականի գլխավոր մարզչի խոսքով՝ Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը լիովին ապաքինվել է կողոսկրի վնասվածքից և պատրաստ է առաջիկա մրցումներին. «Նիցայի մրցաշարին մասնակցելուց հետո Արթուրն իրեն ավելի վստահ է զգում: Վնասվածքն արդեն չի խանգարում, նա լիարժեք մարզումներ է անցկացնում: Հույս ունենք՝ Արթուրը կշարունակի իր լավագույն ավանդույթները»:

Նշենք, որ Եվրոպայի առաջնությանն Օլիմպիական խաղերի ուղեգրեր չեն խաղարկվի, իսկ մարտի 19-22-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալիք մրցաշարը լինելու է վարկանիշային: Այս պահին հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն Օլիմպիական խաղերի երկու ուղեգիր ունի՝ 77 կգ և 97 կգ քաշային կարգերում: