Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն արծաթե մեդալ է նվաճել Իրանի Ռաշտ քաղաքում կայացած Ֆաջրի գավաթի խաղարկությունում:

Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարում Մարտիրոսյանը հանդես է եկել գերծանր քաշային կարգում և երկամարտում գրանցել 410 կգ արդյունք: Պոկում վարժությունում 23-ամյա ծանրորդը բարձրացրել է 180 կգ, իսկ հրումում՝ 230 կգ:

Գերծանր քաշային կարգում հայտավորված է եղել նաև Ռուբեն Ալեքսանյանը, սակայն վատառողջ լինելու պատճառով նա դուրս չի եկել մրցահարթակ:

Հիշեցնենք, որ Ֆաջրի գավաթի խաղարկությանը մասնակցել են նաև Հակոբ Մկրտչյանը (96 կգ քաշային կարգ) և Անդրանիկ Կարապետյանը (81 կգ քաշային կարգ). Մկրտչյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Կարապետյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժությունում: