ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Մուղդուսյան արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվում է «Ավանդախաղ» կրթամշակութային ծրագիրը, որի շրջանակում ինտերակտիվ ներկայացումների միջոցով երեխաները ծանոթանում են ազգային ծեսերին ու տոներին։ Մուղդուսյան արվեստի կենտրոնում հունվարի 27-ին բեմադրվել է Բարեկենդանին նվիրված ինտերակտիվ ներկայացումը: Միջոցառման ընթացքում Ն. Աղբալյանի անվան միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները ծանոթացել են Բարեկենդանի տոնի խորհրդին, երգել, հանելուկներ ասել, խաղացել այնպես, ինչպես հնում՝ Բարեկենդանի ժամանակ, իսկ տոնական ուտեստներից համտեսել են հալվան:

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու փոխանցմանն ուղղված «Ավանդախաղ» կրթամշակութային ծրագրի շրջանակում կկազմակերպվեն նաև Տրնդեզին, Սուրբ Սարգսին, Պահքին, Ծաղկազարդին ու Զատիկին նվիրված միջոցառումներ։

«Ավանդախաղ» ծրագիրը մեկնարկել է հոկտեմբերից, որի առաջին փուլում Մուղդուսյան արվեստի կենտրոնի գեղարվեստական թիմը՝ արվեստագետներ Նաիրա Մուղդուսյանը, Անի Ամսեյանն ու Հակոբ Մազլումյանը վերապատրաստվել են՝ մասնակցելով ժողովրդական վարպետ Լալա Մնեյանի դասերին, մշակել սցենարներ՝ ներկայացումներ կազմակերպելու համար։

Մուղդուսյան արվեստի կենտրոնն արդեն հյուրընկալել է շուրջ 250 երեխաների, ևս 180-ը կմասնակցեն նոր կազմակերպվող ներկայացումներին: Ներկայացումների մուտքն ազատ է` նախապես գրանցվելով։