ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Մարզային մշակութային ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ» մշակութային դրամաշնորհային ծրագրերի շրջանակում «Ռեգիոն» ՀԶԿ-ն՝ 2019 թվականին Վանաձորում իրականացրել է «Օկտավա» («Մշակույթը սկսվում է համայնքից») ծրագիրը:

«Օկտավա» նախագիծը ստեղծվել է մշակույթի ապակենտրոնացման, մայրաքաղաքի ու մարզերի միջև մասնագիտական անջրպետի հաղթահարման համար:

Մշակույթի ոլորտի մարզային ներկայացուցիչները՝ ուսանողներ, դասախոսներ, սկսնակ արվեստագետներ, մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշվող ավարտական դասարանների աշակերտներ հանդիպումներ են ունեցել երաժշտարվեստի, կինոյի, թատրոնի, պարարվեստի ոլորտների ճանաչված և անվանի արվեստագետների հետ:

8 հանդիպումների ընթացքում Վանաձորի ուսանողներն ու մտավորականները հնարավորություն են ունեցել շփվելու, հարցեր տալու, առնչվելու մայրաքաղաքում ապրող մտավորականների հետ:

Հանդիպումներն անցել են անմիջական և ջերմ մթնոլորտում. ծավալվել են առավելապես մասնագիտական բնույթի զրույցներ, որոնց ընթացքում երիտասարդ մասնակիցները հարցեր են ուղղել բանախոսներին: Մտերմիկ զրույցի ընթացքում հյուրերը պատմել են իրենց անցած ուղու, դժվարությունների հաղթահարման և հաջողությունների պատմությունները: Այս ծրագիրը բարձր են գնահատում թե՛ համայնքի արվեստագետները, թե՛ քաղաքացիները։ Նրանց խոսքով, մինչև ծրագրի մեկնարկն իրենք միայն արվեստի ստեղծագործությունների ունկնդիրներ են եղել, իսկ այժմ անմիջականորեն շփվում են անվանի արվեստագետների հետ։