ՀՀ կրթության և գիտության նախարարության /այժմ՝ ԿԳՄՍՆ/ և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորՍերգեյ Սմբատյանի համատեղ ջանքերով 2018 թվականին մեկնարկել է «ԴասԱ» ծրագիրը:

Ծրագրի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նվագախմբի ներկայացուցիչների հետ այցելում է ավագ դպրոցներ, ներկայացնում մանրամասներ դասական երաժշտության‚ երաժշտական գործիքների‚ նվագախմբի կառուցվածքի ևայլ թեմաների մասին։ Այնուհետև, աշակերտները հաճախում են համերգասրահներ և վայելում դասական երաժշտություն։

Ծրագրի շրջանակում պատանի հանդիսատեսը նաև ծանոթանում է դասական երաժշտության համերգների ժամանակ ընդունելի վարքականոնին, ինչպես նաև հետաքրքիր պատմություններ լսում տարբեր ստեղծագործողների‚ նրանց ստեղծագործությունների մասին։ Ծրագրի շրջանակում ստեղծվել է «DASA» բջջային հավելվածը, որի միջոցով երեխաներն առաջիկա համերգներին ծանոթանալու և տպավորություններով կիսվելու, քննարկելու հնարավորություն են ստացել: 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում «ԴասԱ» ծրագիրը մուտք է գործել Երևանի 35 ավագ դպրոցներ՝ ընդգրկելով 10-12-րդ դասարանների ավելի քան 13500 աշակերտի։ Նախաձեռնությունը մեծ արձագանք է ստացել դպրոցականների, նրանց ծնողների և ուսուցիչների շրջանում։

«ԴասԱ» ծրագրի մասնակիցների հետ հետադարձ կապը ցույց է տվել, որ ծրագրից դուրս ևս աշակերտներն այցելում են համերգասրահներ։