ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում իրականացնում է «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը, որը միտված է դպրոցներում այլընտրանքային կրթության նորարարական հարթակ դառնալուն՝ լրացնելով հանրակրթության ոլորտում մշակութային կրթություն բաղադրիչի բացը: Ծրագիրն իրականացվում է երեք ուղղություններով՝ գրականություն, երաժշտություն և կերպարվեստ, և նպատակ ունի արվեստի միջոցով նպաստելու դպրոցականների քննադատական, վերլուծական ու ստեղծարար մտքի ձևավորմանն ու զարգացմանը, ընդլայնելով արվեստի տվյալ ոլորտում աշակերտների ճանաչողության սահմանները։

2018-2019 թթ. ուսումնական տարվա ընթացքում 47 արվեստագետ և տեսաբան կերպարվեստի, երաժշտության և գրականության ոլորտներում հնարավորություն են ստացել այցելելու շուրջ 1400 դպրոց Հայաստանի բոլոր մարզերում՝ յուրաքանչյուր արվեստագետ յուրաքանչյուր մարզում 30 դպրոց: Ծրագիրը վերարժևորում է արվեստի հետ կենդանի հաղորդակցման կարևորությունը ժամանակակից թվային տեխնոլոգիաների ժամանակաշրջանում՝ միաժամանակ խթանելով միջսերնդային ճանաչողությունը և համագործակցությունը: