ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը սեպտեմբերի 18-ին աշխատանքային այց է կատարել «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ:

Գևորգ Լոռեցյանը եղել է քոլեջի մարզադահլիճներում և ճաշարանում, ծանոթացել շենքային և գույքային պայմաններին, սննդակարգին և ճաշացանկին: Նախարարի տեղակալը հետևել է քոլեջի տարածքում կառուցվող նոր մասնաշենքի շինարարական աշխատանքներին։ Այս մասնաշենքը հագեցած կլինի ժամանակակից բոլոր պայմաններով և կծառայի որպես հյուրանոց/հանրակացարան քոլեջում սովորող և մարզվող երեխաների ու մարզիկների համար։ Մասնաշենքի կառուցման համար 2019 թվականի պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 423 միլիոն դրամ։

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վաղինակ Գալուստյանը նախարարի տեղակալին ներկայացրել է մարզօջախում կատարվող աշխատանքները: Նրանք քննարկել են նաև քոլեջի գործունեության հիմնական մոտեցումները, կատարվող աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու ուղիները:

Գ.Լոռեցյանն ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարության համար սպորտի զարգացումը բացառիկ կարևոր նշանակություն ունի, իսկ առկա խնդիրների օպերատիվ և արդյունավետ լուծման համար կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր: