Սեպտեմբերի 14-ից 20-ը Արագածոտնի մարզի Ուջան գյուղում և Երևան քաղաքում կկայանա «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը:

Բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին՝ ժամը 19:30-ին, Ուջանի Ազատամարտիկների հուշահամալիրում: Այն կմեկնարկի Ուջանի երիտասարդական երգչախմբի կատարմամբ և կամփոփվի ռուս անվանի կինոռեժիսոր Ալեքսանդր Ռաստորգուևի «Վերջին օրը» կարճամետրաժի ցուցադրությամբ: Ռաստորգուևը ողբերգաբար զոհվել է 2018 թվականի հուլիսին Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում՝ հերթական ֆիլմի նկարահանումների ժամանակ, և այս ցուցադրությունը յուրատիպ հարգանքի տուրք է նրան: «Վերջին օրը» ֆիլմն ուշագրավ է նաև նրանով, որ բոլորովին յուրօրինակ դիտանկյունից է ցուցադրում Հայկական թավշյա հեղափոխության եզրափակիչ ժամերը՝ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտի աչքերով:

Շուրջ մեկ շաբաթ փառատոնի արտասահմանյան և տեղական բոլոր մասնակիցները կապրեն հյուրընկալ ուջանցիների տներում և հնարավորություն կունենան բացահայտել հայկական կենցաղն ու մշակույթը: Փառատոնի ընթացքում հանդիսատեսն ու հյուրերը կհրավիրվեն զանազան համերգների, քննարկումների և էքսկուրսիաների: Իսկ երեկոյան Ուջանի Ազատամարտիկների հուշահամալիրի հարակից այգում կմասնակցեն բացօթյա կինոցուցադրություններին: Փառատոնի բոլոր ֆիլմերը զուգահեռ կցուցադրվեն նաև Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր փոքր դահլիճում: Բոլոր ցուցադրությունների մուտքն անվճար է:

Փառատոնի երկու մրցութային ծրագրերում ընդգրկված են 9 կարճամետրաժ և 11 լիամետրաժ կինոնկար աշխարհի 15 երկրից՝ Իտալիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Ռումինիայից, Ինդոնեզիայից, Բելառուսից, Ռուսաստանից, Հայաստանից և այլն: Ծրագրում ներառված են թե՛ ազգագրական վավերագրություններ, թե՛ ավելի փորձարարական ֆիլմեր, որոնք հատում են խաղարկայինի ու ոչ խաղարկայինի սահմանը, ինչպես նաև ֆիլմեր, որոնք անդրադառնում են մերօրյա աշխարհի սուր քաղաքական ու սոցիալական խնդիրներին: Հաղթողներին ընտրելու է փառատոնի եռանդամ ժյուրին, որի կազմում այս տարի ընդգրկված են կինոգետ, կինոպատմաբան, Հարավսլավական կինոարխիվի նախկին տնօրեն և «Filmograf» ամսագրի գլխավոր խմբագիր Բոժիդար Զեչևիչը (Սերբիա), կինոպրոդյուսեր, Էթնոաշխարհագրական հետազոտությունների հիմնադրամի աշխատակից և Մոսկվայի «Դոկեր» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի կազմակերպիչ Մարիա Չուպրինսկայան (Ռուսաստան) և ֆիլմերի իրավունքների ձեռքբերման մասնագետ Շահեն Բազիլը (Իրան):

Փառատոնի հաղթողները կհայտարարվեն սեպտեմբերի 19-ին, Ուջանում՝ փակման արարողության ժամանակ, և կպարգևատրվեն հատուկ այս առիթով պատրաստված ավանդական հայկական գորգերով: Սեպտեմբերի 20-ին հաղթող ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնում:

«Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնն իրականացվում է «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ի, «Մոսկվա» կինոթատրոն ՍՊԸ-ի և Ուջան համայնքի գյուղապետարանի համատեղ ջանքերով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր գործընկերներն են «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն, «Այրուձի» էկոմշակութային հեծյալ ակումբ հասարակական կազմակերպությունը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը, Ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամը, «Անտարես» մեդիա հոլդինգը, Երևանի «Գյոթե» կենտրոնը և «Ոսկե ծիրան» ԿԶՀ-ն: