Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի է ունեցել Համահայկական hայագիտական 9-րդ օլիմպիադայի բացումը:

Օլիմպիադայի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը` ընդգծելով, որ հայագիտական օլիմպիադան կարևոր է պետության համար, հայոց լեզվի՝ իբրև մշակութային գլխավոր արժեքի պահպանման երաշխիք: Նախարարի տեղակալի խոսքով` օլիմպիադայի գլխավոր նպատակը, ոչ թե մրցութային մասն է, այլ առաջին հերթին մշակութային բաղադրիչը, որը մասնակիցների համար հնարավորություն է` լավ ճանաչելու հայկական մշակույթը. «Հայոց լեզուն մեր մշակույթի ամենակարևոր հենասյունն է, բայց հակառակ պնդումը նույնպես ճիշտ է` մեր մշակույթն ու արվեստն իրենց ամբողջությունը կարողանում են գտնել հայոց լեզվի միջոցով: Հայերեն տառերով մենք գրել ենք և շարունակելու ենք գրել մեր պատմությունը, ստեղծագործել ենք և շարունակելու ենք ստեղծագործել հայերենով: Հայոց լեզվով մենք կարողացել ենք պատմել անցյալի մեր վիշտն ու ուրախությունը: Կարողանալու ենք նաև պատմել, թե ինչ հաջողություններ ենք ունենալու»-, նշել է Արևիկ Անափիոսյանը` հավելելով, որ օլիմպիադան գործիք է` նպաստելու Հայաստանից դուրս հայերենի պահպանմանը:

Մասնակիցներին ողջունել են նաև ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտեի նախագահ, օլիմպիադայի հայոց լեզվի և գրականության հանձնաժողովի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, օլիմպիադայի հայոց պատմության և մշակույթի հանձնաժողովի նախագահ Արտակ Մովսիսյանը:

Համահայկական hայագիտական 9-րդ օլիմպիադան տեղի կունենա օգոստոսի 5-11-ը` Աղվերանում: Այս տարի օլիմպիադային մասնակցում են Հայաստանի, Արցախի և սփյուռքահայ գաղթօջախների ` Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, Քուվեյթի 80 ներկայացուցիչներ:

Բացի հիմնական մրցույթներից՝ լեզվի, գրականության, պատմության և հայ մշակույթի պատմության, անցկացվելու են հայկական երգի և պարի լրացուցիչ նախասիրական մրցույթներ: Օլիմպիադային մասնակցում են 14-18 տարեկան հայագիտության անհրաժեշտ իմացություն ունեցող հայկական կրթօջխաների սաները:

Համահայկական օլիմպիադային մասնակցության հնարավորություն ունեն նաև այն պատանիները, ովքեր չեն տիրապետում հայերենին, բայց ունեն բավարար գիտելիքներ հայոց պատմությունից և մշակույթից: Դա հնարավորություն է տալիս միջոցառմանը մասնակից դարձնել ոչ միայն հայերենին չտիրապետող սփյուռքահայ աշակերտներին, այլև Հայաստանով հետաքրքրվող օտարազգի պատանիներին:

Ծրագրի մասնակիցները կայցելեն Սևանի ազգային պարկ, Սևանավանք, նրանց համար կկազմակերպվեն դասախոսություններ՝ հայաստանյան պեղումների վերաբերյալ: Նախատեսված է այցելություն Կոմիտասի թանգարան, կրթական ծրագիր՝ երգի և պարի ուսուցում, ժամանցային միջոցառումներ:

Նշենք, որ համահայկական օլիմպիադաներն իրականացվում են 2003 թվականից` երկու տարին մեկ անգամ, պետական միջոցներով: