Քննարկման մասնակիցների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա նախանշվել են համայնքային խորհուրդների գործունեության նպատակները, ըստ որոնց անհրաժեշտ է յուրաքանչյուր մարզի, մեծ համայնքի համար մշակել մշակութային առանձին ծրագրեր։

«Համայնքային խորհրդի առաքելությունն ու նպատակն է համայնքապետարանների, քաղաքացիական հասարակության, գիտական, մշակույթի ոլորտների ներկայացուցիչների հետ խորհրդակցելով մշակել համայնքներում մշակույթի զարգացման տեսլականն ու դրանց իրականացմանն ուղղված քայլերը: Համայնքներում մշակութային կյանքի աշխուժացման համար անհրաժեշտ է ներգրավել այդ մարզի կամ բնակավայրի արվեստագետներին, գիտնականներին և գործարարներին»,- նշել է Նարինե Խաչատուրյանը: Նախարարի տեղակալի խոսքով՝ ծրագրի նպատակը համայնքի զարգացման ու մշակութային կյանքում յուրաքանչյուրի ներգրավվածությունն է, որի իրականացման համար հարկավոր է խրախուսել նախաձեռնողականությունը, նորարարությունը՝ մշակույթի և ստեղծարար ոլորտում։ «Կառավարություն-գիտական հաստատություն-հասարակական կազմակերպություն-տեղական ինքնակառավարման մարմին-համայնքի բնակչություն» շղթայի անխափան և փոխլրացնող աշխատանքը՝ մշակութային կյանքի վերակազմակերպման և զարգացման երաշխիքն է»,- հավելել է Նարինե Խաչատուրյանը: Այս համատեքստում կարևորվել է դպրոցականների և ուսանողների ներգրավումը համայնքային խորհուրդների աշխատանքներին. խորհրդի կազմում ընդգրկված գիտական հաստատությունների ներկայացուցիչների հետ՝ երիտասարդները կքարտեզագրեն իրենց համայնքի նյութական և ոչ նյութական մշակութային ողջ ժառանգությունը:

Խորհուրդը կօժանդակի ժամանցի և մշակութային կյանքի իրացման հնարավորությունները համայնքի բոլոր խմբերի համար (թատերախմբեր, երգչախմբեր, անհատ կատարողներ, ժողովրդական արհեստների կենտրոններ, կերպարվեստի ստուդիաներ և այլն) առկա տարածքներում՝ դպրոցներ, մշակույթի տներ։

Քննարկման արդյունքում որոշվել է ընտրել Թալինը՝ որպես պիլոտային համայնք. Թալինի Կաթողիկե եկեղեցու տարածքում՝ դասական երաժշտության ամենամյա փառատոնի հիմնադրումը մեծապես կնպաստի համայնքի զբոսաշրջության, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացմանը: