ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` Եվրոպական միության աջակցությամբ Էրազմուս + ծրագրի C3QA նախագծի շրջանակում բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովմանը նվիրված: Մասնակիցներին ողջունել է նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, նշելով, որ Հայաստանում մինչ օրս իրականացված Էրազմուս + ծրագրերը կարևոր ազդեցություն ունեն բարձրագույն կրթության ոլորտի քաղաքականության մշակման վրա. «Նախարարության համար շատ կարևոր է ձեռքբերումների, նվաճումների, ազդեցությունների ինստիտուցիոնալացումը և պետության մակարդակով համակարգի ստեղծումը: Այս համատեքստում C3QA նախագիծը կարևոր է. այս ծրագրի շրջանակում մշակվել են բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման գործիքներ, որոնք փորձարկվելուց և լրամշակվելուց հետո կդառանան պետական հավատարմագրման համակարգի մաս կազմող ընթացակարգեր և չափանիշներ: Կարևոր արդյունքներից է նաև այն, որ ՀՀ կառավարության 2019-23 թվականների ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումներում ընդգրկված է 3-րդ մակարդակի բարեփոխումների հայեցակարգի մշակումը, որի հիմքում դրվելու են այս և նմանատիպ այլ ծրագրերի իրականացման արդյունքներից բխող ձեռքբերումները: Մյուս կարևոր բաղադրիչը հետազոտությունն է, որին կարևոր տեղ է տրված մշակվող «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծում: Հետազոտական բաղադրիչի ներդրումը մենք դիտարկում ենք բարձրագույն կրթության որակի բաձրացմանն ուղղված քայլ: Երբ իրականացվում են հետազոտություններ, բացի այն, որ ստեղծվում է որոշակի արդյունք, զուգահեռ ունենում ենք նաև դասավանդող հետազոտողներ և կրթական համակարգի ողջ շղթան որակական առումով փոխվում է: Այսինքն` մենք խնդիր ենք դնում մեկ հարթակում միավորել կրթությունն ու հետազոտությունը` սահմանելով չափանիշներ որակի համար»,- իր խոսքում նշել է Արևիկ Անափիոսյանը:

Քննարկմանը մասնակցել են Հայաստանում Էրազմուս+ ծրագրի համակարգող Լանա Կառլովան, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, Էրազմուս + ծրագրի C3QA նախագծի հայաստանյան շահառու բարձրագույն ուսումնական հաստատությունների և ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ: