Հայաստանի ազգային գրադարանի՝ պետական հանրային գրադարանի կարգավիճակ ստանալու 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանն այսօր հանդիպել են ամենաընթերցասերներն ու ամենաընթերցվողները:


Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: «Իրականում քիչ գրադարաններ կան, որ կարող են հպարտությամբ խոսել տարիքի մասին և իրենց անցած ճանապարհին նայելով՝ հպարտությամբ հիշել այն էջերը, որ ունեցել է գրադարանը և նպաստել մեր կրթության, գիտության, մշակույթի զարգացմանը: Վստահ եմ, որ ապագայում այս գրադարանն ունենալու է ավելի մեծ հաջողություններ:


Պետությունն ավանդաբար քիչ ուշադրություն է դարձրել գրադարաններին, և հիմա եկել է ժամանակը՝ հանելու գրադարաններն այս խեղճությունից: Ներկայիս իրավիճակում, երբ պետությունն արդեն գումար ունի՝ հատկացնելու կրթությանը և մշակույթին, մենք պետք է հասկանանք՝ գրադարանը 21-րդ դարում ինչ դեր ունի և ինչ արդյունք է տալիս: Մենք այլևս չենք կարող գրադարանային գործի հին տրամաբանությամբ գործել, թեպետ դա էլ է կարևոր: Պետք է ներդնենք նոր գործիքներ՝ նոր ժամանակների համար արդյունք ստանալու համար»-,նշել է նախարարը՝ իր աջակցությունը հայտնելով գրադարանի ղեկավարությանը՝ իրականացվող փոփոխությունների ճանապարհին:


Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև մրցանակաբաշխություն:
Պարգևատրվել են Ազգային գրադարանի երկարամյա աշխատակիցները: