Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2019 թվականի օգոստոսի 5-11-ը Հայաստանում կազմակերպում է Համահայկական hայագիտական 9-րդ օլիմպիադան: Օլիմպիադայի նպատակն է նպաստել սփյուռքում հայագիտական ոլորտներում գիտելիքի տարածմանը, առողջ մրցակցային պայմաններում երեխաների ստեղծագործական դրսևորմանը, առավել շնորհալի երեխաների հայտնաբերմանը, ստեղծել պայմաններ սփյուռքի տարբեր հատվածների, Հայաստանի և Արցախի երեխաների փոխճանաչման և ինքնաճանաչման համար, խթանել նրանց միջև ուղղակի շփումները:
Օլիմպիադային կարող են մասնակցել հայկական ու հայկական բաղադրիչով կրթություն իրականացնող հաստատությունների 14-18 տարեկան սաներ, որոնք անհրաժեշտ իմացություն ունեն առաջարկվող նյութի շրջանակներում: Օլիմպիադան անցկացվելու է հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի պատմության իմացության շրջանակներում:
Օլիմպիադայի աշխատանքային լեզուն հայերենն է: Սակայն հայոց պատմության և մշակույթի գրավոր հարցարանը կարող է տրամադրվել մասնակցի համար նախընտրելի լեզվով:
Օլիմպիադայի անցկացման բոլոր մանրամասները ներկայացված են արևելահայերեն և արևմտահայերեն տարբերակներով կցված համապատասխան կանոնակարգում:
Համահայկական hայագիտական 9-րդ օլիմպիադայի մասնակիցների համար լրացուցիչ նախատեսվում են ավանդական դարձած նախասիրական ասմունքի, հայկական երգի, պարի մրցույթներ: Այս մրցույթների հաղթողները ստանալու են ՀՀ ԿԳՆ շնորհակալագրեր:
Պատվիրակների համար նախատեսված են նաև տարաբնույթ մշակութային, ուսուցողական և ժամանցային միջոցառումներ:
Օլիմպիադային մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2019թ. հունիսի 2-ը ներառյալ ՀՀ կրթության և գիտության նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնի էլեկտրոնային հասցեով փոխանցել լրացրած մասնակցության հայտի նախնական տարբերակը: Մասնակցության վերջնական հայտը՝ պատվիրակության ճշտված կազմի և թվաքանակի վերաբերյալ, անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2019թ. հունիսի 30-ը ներառյալ:
Մասնակցության հայտերը պետք է լրացնեն պատվիրակությունների /խմբերի/ ղեկավարները:
Խիստ ցանկալի է օլիմպիադայի մասնակիցների միացյալ պատվիրակություն /խումբ/ ձևավորել ըստ երկրի կամ տարածաշրջանի` առավել բանիմաց թեկնածուների ընտրությանը նպաստելու համար: Բացի պատվիրակության /խմբի/ ղեկավարից՝ 5 երեխայից ավելի կազմված պատվիրակությունը պետք է ունենա մասնակիցների թվակազմի համեմատ ուղեկցող/ներ/՝ յուրաքանչյուր 10 պատանու համար 1 ուղեկցող (5-10 հոգի՝ 1 ղեկավար, 1 ուղեկցող, 10-20 հոգի՝ 1 ղեկավար, 2 ուղեկցող): Հայտերն ստանալուց և մասնակիցների թիվն ամփոփելուց հետո ՀՀ կրթության և գիտության նախարարության իրավունք է վերապահված, անհրաժեշտության դեպքում, բանակցային հիմքի վրա, յուրաքանչյուր դիմած պատվիրակության համար լրացուցիչ սահմանել հնարավոր թվակազմը՝ նախապես ներկայացված քանակը նվազեցնելու կամ բարձրացնելու ուղղությամբ:
Ակնկալվում է հայկական համայնքների, ազգային-հասարակական հաստատությունների և կազմակերպությունների, Թեմական և կրթական խորհուրդների հատուկ ուշադրությունն ու աջակցությունը: Ուրախ կլինենք բոլոր հայկական կրթօջախներից պատվիրակներ ընդունելու համար:
Հայաստանի մասնակիցների ընտրությունն իրականացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Մասնակցության վերաբերյալ որոշումը կայացվելու է հարցազրույցի արդյունքում, որը տեղի կունենա 2019թ. մայիսի 24-31-ը ընկած ժամանակահատվածում համապատասխան առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին մասնակցած, սակայն որևէ մրցանակային տեղ չզբաղեցրած բոլոր աշակերտների հետ: Հարցազրույցի մասին թեկնածուները տեղեկացվելու են մինչև 2019թ. մայիսի 24-ը:
Արցախի պատվիրակությունը ձևավորվում է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության կողմից և ներկայացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարություն: Օլիմպիադայի ընթացքում մասնակիցների, ղեկավարների և ուղեկցողների կեցության, սննդի և շրջագայության ծախսերը ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը: Ճանապարհածախսը հոգում են մասնակիցները կամ համապատասխան կազմակերպությունները, կրթօջախները, բարերարները:

Սույն հայտարարությունն ուղեկցվում է հետևյալ փաստաթղթերով.
1.Օլիմպիադայի անցկացման հայեցակարգ՝ արևելահայերեն և արևմտահայերեն (Filename: Kanonakarg, Kanonakarg 2),
2.Հայ գրականության մրցույթի համար ուղեցույց՝ արևելահայերեն և արևմտահայերեն (Filename: Armenian Literature, Armenian Literature 2),
3.Հայոց պատմության և մշակույթի հարցաշար (Filename: Armenian History and Art),
4.Մասնակցության հայտաձև (Filename: Masnakcutyan hayt),
5.Օլիմպիադայի օրակարգի ուրվագիծ (Program_draft)
6.Հայոց պատմության և մշակույթի բանավոր մրցույթում օգտագործվելիք պատկերներ (Filename: Gallery_Art, Gallery_History):
Նշված փաստաթղթերը կարելի է գտնել նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պաշտոնական www.edu.am կայքէջում՝ «Սփյուռք» ենթաբաժնում:
Հավելյալ հարցերով կարելի է դիմել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն
հեռ.+374 10 58-13-91
ֆ‎աքս. +374 10 52-73-43
Էլ.փոստ. tamara.zalinyan@edu.am, info@edu.am
Facebook: «Սփյուռքի բաժին ՀՀ կրթգիտնախ»