ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության հետազոտությունների, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարարության պատվիրակությանը, որի շրջանակում կողմերի միջև ստորագրվել է համաձայնագիր՝ տեխնոլոգիական բիզնես ինկուբատորների և գիտատեխնոլոգիական պարկերի հարցերով համագործակցության վերաբերյալ:
Համաձայնագիրը ստորագրել են Արևիկ Անափիոսյանը և Գիտության, տեխնոլոգիաների ու բարձրագույն կրթության կառուցվածքային հարցերով գլխավոր տնօրենի պաշտոնակատար Պատդոնո Սուվինյոն:
Արևիկ Անափիոսյանի խոսքով՝ համաձայնագրի նպատակն է համագործակցություն հաստատել տեխնոլոգիական բիզնես ինկուբատորների (ՏԲԻ) և գիտատեխնոլոգիական պարկերի (ՏԲԻ և ԳՏՊ) միջև՝ փոխադարձ շահավետության հիման վրա գիտելիքներ փոխանակելու ու դրանցով կիսվելու համար։ Փոխնախարարը տեղեկացրել է, որ ներկայում մշակվում է «Բարձրագույն կրթության և գիտահետազոտական գործունեության մասին» օրենքի նախագիծը, որում բարձրագույն կրթության և գիտության ոլորտների օրենսդրական կարգավորումները մեկտեղվել են:
Ինդոնեզական կողմը կարևորել է նաև ՄԿՈՒ ոլորտում համագործակցությունը՝ ընդգծելով, որ համապատասխան ծրագրեր են իրականացվում Շվեյցարիայի, Գերմանիայի, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ: Արևիկ Անափիոսյանն իր հերթին ներկայացրել է հայաստանյան փորձը, մասնավորապես, դուալ համակարգի ներդրումը գերմանական GIZ-ի աջակցությամբ՝ ընդգծելով, որ այս ոլորտում ևս կարող է իրականացվել փորձի փոխանակում:
Փոխնախարարը նշել է նաև, որ նախարարության կողմից գիտատեխնոլոգիական պարկերի համագործակցության համար
նշանակվել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), որը, ըստ Արևիկ Անափիոսյանի, բավականին արդյունավետ գործունեություն է ծավալում՝ իրականացնելով բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր է իրականացնում:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը ներկայացրել է համաձայնագրի հիմնական ուղղությունները:
Մասնավորապես, կողմերը՝
- կկազմակերպեն փոխադարձ այցելություններ ՏԲԻ և ԳՏՊ անձնակազմերի ու փորձագետների միջև,
- առանց գիտական աստիճանի շնորհման՝ կկազմակերպեն ծրագրեր (վերապատրաստում, նպատակային ուսուցումներ) ՏԲԻ-ի և ԳՏՊ-ի գործարկման ու կառավարման, ինչպես նաև նորարարությունների ու ձեռնարկատիրության ուղղությամբ՝ տեխնոլոգիաների փոխանցման շուրջ,
- աջակցություն կցուցաբերեն Ինդոնեզիայի անձնակազմի՝ հայկական ՏԲԻ-ներում և ԳՏՊ-ներում փորձուսման կազմակերպման համար և հակառակ ուղղությամբ՝ երկու երկրներում ՏԲԻ-ի և ԳՏՊ-ի բնագավառներում կարողությունների զարգացումն ամրապնդելու նպատակով,
- կիրականացնեն Հայաստանում ինկուբատորների ոլորտում վերապատրաստման և ինկուբատորների կամ ՀՏԲԿՆ ՄՌ կառավարիչների վերապատրաստման գործողությունների 2019 թվականի ծրագիրը՝ դիտարկելով ուսման վճարի զեղչման հնարավորությունը,
- կխրախուսեն բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին ներդրումներ կատարել ու խթանել տեխնոլոգիաների վրա հիմնված բիզնես գործընկերությունը մյուս երկրի ՏԲԻ և ԳՏՊ բնագավառներում,
- երկու երկրների միջև ՏԲԻ-ների շրջանում կկազմակերպեն համատեղ համաինկուբացիոն ծրագրեր այն ՏԲԻ ստարտափների համար, որոնք կցանկանան իրենց շուկան ընդլայնել արտերկրում, կխրախուսեն քույր ՏԲԻ-ների և քույր ԳՏՊ-ների ստեղծումը։