ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 28-ին Հայաստանի նկարիչների միությունում և Շառլ Ազնավուրի հրապարակի տարածքում տեղի կունենան «Խաղաղություն» միջազգային 2-րդ մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսի եզրափակիչ ցուցադրությունն ու հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։

Մրցույթ-ցուցահանդեսն իրականացվում է երկու տարիքային խմբերում՝ մինչև 10 և 10–15 տարեկան մասնակիցների համար։ Այս տարի մասնակիցների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է երկու անգամ՝ միավորելով Հայաստանի և աշխարհի 18 երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ուրուգվայի, Կանադայի, Կիպրոսի, Հնդկաստանի, Հորդանանի, Ռուսաստանի, Սիրիայի, Վրաստանի, Բելգիայի, Էստոնիայի, Անգլիայի, Թուրքիայի, Ավստրալիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Մեքսիկայի ավելի քան 3000 շնորհալի երեխաների։

Եզրափակիչ ցուցահանդեսին ներկայացված են միջազգային հանձնաժողովի ընտրած 90 լավագույն ստեղծագործությունները։

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից, Չեխիաից, Ֆրանսիաից, Չինաստանից։

Միջոցառման ընթացքում կհանձնվեն մրցանակներ, դիպլոմներ, խրախուսական պատվոգրեր ուսուցիչներին և կրթական հաստատություններին, ինչպես նաև հատուկ մրցանակներ։

Մրցույթ-ցուցահանդեսի մասնակիցներն իրենց արվեստով փոխանցում են խաղաղության, համերաշխության և մարդասիրության կարևորագույն արժեքները՝ արվեստը վերածելով մի լեզվի, որը հասկանալի է աշխարհի յուրաքանչյուր անկյունում ապրող մարդու համար։

Գույներն ու պատկերները միավորում են տարբեր երկրներում ապրող երեխաներին՝ ստեղծելով բարության, ընկերության և խաղաղ ապագայի մեծ ու լուսավոր կամուրջ։