Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի Գործկոմի նիստը, որի ընթացքում հաղթող է ճանաչվել Հայաստանի ու Վրաստանի՝ աշխարհի 2029 թվականի մինչև 20 տարեկանների առաջնությունը հյուրընկալելու համատեղ հայտը։

Հայաստանյան խաղերը տեղի կունենան Երևանում, Վանաձորում և Իջևանում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին այսօր հանդիպել են նաև ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյին։ Վերջինիս հետ զրույցում Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահները նշել են, որ մեծագույն պատիվ և պատասխանատվություն է ստանձնել 2029 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության հյուրընկալումը: Երկու երկրների ֆուտբոլային գերատեսչությունների ղեկավարներն իրենց երախտագիտությունն են հայտնել ՖԻՖԱ-ի ֆուտբոլային ընտանիքին՝ Հայաստանի և Վրաստանի նկատմամբ ցուցաբերած նման բարձր վստահության համար:

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են իրենց լիակատար պատրաստակամությունը՝ միավորելու ամբողջ ներուժն ու ջանքերը՝ կազմակերպելու բարձր մակարդակի ֆուտբոլային մրցաշար:

Արմեն Մելիքբեկյանը և Լևան Կոբիաշվիլին ընդգծել են, որ երկու երկրներն էլ վճռական են տրամադրված 2029 թվականի աշխարհի առաջնությունը վերածելու իսկական ֆուտբոլային տոնի, որը կառանձնանա իր բարձրակարգ կազմակերպվածությամբ և հյուրընկալության յուրահատուկ մթնոլորտով: