Ապրիլի 30-ին՝ ժամը 19։30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ։
Համերգը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, Հայաստանի պետական կամերային նվագախմբի, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի համագործակցությամբ։
Երաժշտական ծրագրի առանցքում Ժորժ Բիզեի երաժշտության հիման վրա Ռոդիոն Շչեդրինի հանրահայտ «Կարմեն սյուիտ» ստեղծագործությունն է. կհնչեն նաև Սարասատեի, Ֆորեի և Ռավելի գործերը։
Որպես մենակատար հանդես կգա Բելգիայում ստեղծագործող հայ ջութակահար Հրայր Կարապետյանը: Համերգը կղեկավարի Ֆրանսիայից հրավիրված դիրիժոր Ռալֆ Զիգետին։
Ֆրանկոֆոնիայի երկամսյակը Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է մարտի 24-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի «Ֆրանկոֆոնիկ տաղարան» համերգով։
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում, բացման համերգից բացի, իրականացրել է մի շարք այլ համերգներ ևս, այդ թվում՝
- Հայաստանի պետական կամերային երգչախմբի և Ռոբերտ Ամիրխանյանի համատեղ համերգը՝ նվիրված հայ բանաստեղծ, Ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի հիշատակին
- Հայաստանի պետական կամերային երգչախմբի «Ազնավուրի հավերժ մեղեդիներ» համերգը՝ նվիրված մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրին
- «Հովեր» պետական կամերային երգչախմբի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների մասնակցությամբ համատեղ համերգը
- Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգները Երևանում և Վանաձորում, որտեղ հնչել են ֆրանսիացի մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործություններ։