Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ Երևանի «Կարմիր կամուրջ» պատմամշակութային հուշարձանի տարածքում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է պատմամշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման ոլորտում նշանակալի ավանդ ունեցող մասնագետների, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ դպրոցականների շրջանում իրականացրած մշակութային ժառանգության պահպանության և ուսումնասիրության համար:

Միջոցառմանը ներկա է եղել նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով է պարգևատրվել վերականգնող ճարտարապետ Ամիրան Բադիշյանը՝ Հայաստանի պատմամշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման ոլորտում ունեցած երկարամյա աշխատանքային գործունեության համար, ինչպես նաև ծննդյան 70-ամյա հոբելյանի և ապրիլի 18-ի՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ: ԿԳՄՍՆ մեդալով է պարգևատրվել նաև բարերար Յուրի Աֆրիկյանը, որի ֆինանսական աջակցությամբ իրականացվել են «Կարմիր կամուրջ» հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները: ՀՀ Լոռու մարզի Ամրակից գյուղի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ ուղղափառ եկեղեցու և «Լոռի Բերդ» պատմամշակութային հնավայրի եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները պատշաճ իրականացնելու համար ԿԳՄՍՆ պատվոգրով է պարգևատրվել «Տրիտոն» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Քալանթարյանը:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել պարգևատրվողներին աշխատանքային գործունեության համար՝ կարևորելով հուշարձանապահպան գործում նրանց ջանքերն ու երախտիքը, մասնագիտական փորձն ու ներուժը:

Օրվա շրջանակում Ժաննա Անդրեասյանը շնորհակալագրեր է հանձնել հանրակրթական ուսումնական հաստատություններին՝ դպրոցականների շրջանում մշակութային ժառանգության պահպանության և ուսումնասիրության համար:

2025-2026 ուսումնական տարում ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ յուրաքանչյուր դպրոց իր տարածքին կցված հուշարձանի նկատմամբ իրականացրել է պատշաճ խնամք: Հուշարձանների տարածքներում մաքրման և խնամքի աշխատանքների կատարման ընթացքում վնաս չպատճառելու, ինչպես նաև անվտանգության կանոնների պահպանման նպատակով դպրոցները համագործակցել են ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ: Դպրոցականները հուշարձանների տարածքում կրթական և դաստիարակչական բնույթի աշխատանքներն իրականացրել են ՊՈԱԿ-ի մարզային և տարածքային մասնագետների համակարգմամբ։ Դպրոցներն ամենամսյա հաշվետվություն են ներկայացրել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն և լիազոր մարմիններ: Ներկայացված հաշվետվությունների ուսումնասիրության արդյունքում ընտրվել են՝

ՀՀ Շիրակի մարզի Ջրառատի միջնակարգ, ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդի թիվ 1 ավագ, ՀՀ Տավուշի մարզի Իջևանի Մ. Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական, ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի ֆիզիկամաթեմատիկական ավագ, ՀՀ Լոռու մարզի Շիրակամուտի թիվ 1 միջնակարգ, ՀՀ Արարատի մարզի Հնաբերդի միջնակարգ, ՀՀ Արմավիրի մարզի Հայկավանի միջնակարգ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ, ՀՀ Վայոց ձորի մարզի Թառաթումբի միջնակարգ, ՀՀ Սյունիքի մարզի Կապանի թիվ 2 ավագ, Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցները:

Նախաձեռնության նպատակն էր պատանիների և երիտասարդների շրջանում մշակութային ժառանգության պահպանության և ուսումնասիրության անհրաժեշտության գիտակցումը, ինչպես նաև հուշարձանների պաշտպանության արմատավորումը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել հաղթող դպրոցներին մասնակցության և ցուցաբերած աշխատանքների համար՝ ընդգծելով. «Այս միջոցառումը ոչ միայն հուշարձանները խնամելու, այլև կարևոր արժեքներ ու հանրային վարքականոն ձևավորելու մասին է: Վստահ եմ՝ մասնակից բոլոր աշակերտներն այսուհետ անհանդուրժող կլինեն մեր հուշարձանների վնասման և անուշադրության դեպքերին: Ավելի կարևոր է, որ յուրաքանչյուր աշակերտի հոգատարությունն օրինակելի լինի իր հասակակիցների համար՝ հուշարձանապահպան գործում ընդգրկելով ավելի լայն շրջանակների»:

Նա շեշտել է՝ կրթական համակարգը մեծ ուժ է. եթե շուրջ 425 000 երեխա սովորի հոգատար լինել հուշարձանների նկատմամբ, նրանցից յուրաքանչյուրը կարող է դառնալ այդ հուշարձանի պահպանության առաջամարտիկը: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՀՀ պետական բյուջեից 2025 թվականին հատկացվել է շուրջ 1,4 մլրդ դրամ հուշարձանների վերականգնման ուղղությամբ: Նախագծման և վերականգնման փուլում են շուրջ 30 հուշարձան:

Նախարարն անդրադարձել է նաև Կարմիր կամուրջ հուշարձանին՝ կարևոր համարելով այն հանգամանքը, որ կամուրջը վերականգնվել է պետություն-մասնավոր համագործակցությամբ՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին հուշարձանապահպան գործունեության և հոգատար վերաբերմունքի համար. «Վերականգնման աշխատանքում յուրաքանչյուր մանրուք հաշվի է առնվել, և այս արդյունքի հիմքում համատեղ աշխատանքն է: Մենք պետք է ջանանք ավելի տեսանելի դարձնել Կարմիր կամուրջը թե՛ մեր քաղաքացիների, թե՛ զբոսաշրջիկների համար»: