Դպրոցականների շրջանում մշակութային ժառանգության պահպանության և ուսումնասիրության նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություններ է ուղարկել հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին: Գրությամբ դպրոցներին տրամադրվել է Պատմության և մշակույթի հուշարձանների տարածքում դպրոցականների վարքագծի ուղեցույցը և համապատասխան համայնքում գտնվող դպրոցների և հուշարձանների վերաբերյալ տեղեկատվություն:

Հիմք ընդունելով ուղեցույցի պահանջները՝ յուրաքանչյուր դպրոց իրեն կցված հուշարձանի նկատմամբ պետք է իրականացնի պատշաճ խնամք՝ ապահովելով պատմական հուշարձանների հանդեպ հանրային վարքականոնի ձևավորում դպրոցահասակ տարիքից:

Շրջաբերական գրությամբ դպրոցներին նաև հանձնարարվել է հուշարձանների տարածքներում իրենց կատարած աշխատանքների վերաբերյալ պարբերաբար հաշվետվություն ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն:

Հուշարձանների տարածքներում մաքրման և խնամքի աշխատանքների կատարման ընթացքում վնաս չպատճառելու, ինչպես նաև անվտանգության կանոնների պահպանման նպատակով դպրոցները պետք է համագործակցեն «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ (հեռ.` +374-10-58-74-25): Դպրոցականները հուշարձանների տարածքում կրթական և դաստիարակչական բնույթի աշխատանքները կիրականացնեն Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության մարզային և տարածքային մասնագետների համակարգմամբ։