ԱՊՀ երկրների «Մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի շրջանակում 2026 թվականին Մեղրի քաղաքը հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք։ Միջոցառումների պաշտոնական մեկնարկը տրվել է Մեղրի և Ագարակ համայնքներում:

Ի թիվս տարվա ընթացքում սպասվող բազմաթիվ միջոցառումների՝ մայիսի 16-17-ը Մեղրի քաղաքում տեղի կունենա «Ստեղծարար համայնք, կայուն ապագա» խորագիրը կրող Արհեստների միջազգային 5-րդ փառատոնը: Այն մեկնարկել է վարպետների քաղաք Գյումրիում, ապա ճանապարհորդել դեպի Դիլիջան, Արենի և Գավառ:

Փառատոնն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հետ համագործակցությամբ, ինչպես նաև Մեղրիի համայնքապետարանի, Մշակույթի զարգացման հիմնադրամի և ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:

Երկօրյա միջոցառումների ծրագրով 2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրին կդառնա արհեստների, ավանդական երգ ու պարի, համեղ ուտեստների տոնական վայր: Փառատոնի այցելուները տեղում հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական խոհանոցի ավանդույթներին և բացահայտելու մարզին բնորոշ բացառիկ խոհարարական հմտությունները: Փառատոնի շրջանակում Մեղրիում կներկայացվեն նաև հայ և այլ ժողովուրդների ազգային արհեստները՝ գորգագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, տիկնիկագործություն, փայտագործություն, խեցեգործություն, դարբնություն, զարդագործություն, ծղոտագործություն և այլն, ազգային երգ ու պար, վարպետաց դասեր, ցուցահանդես-վաճառք: Առանձնահատուկ ձևով կներկայացվի ավանդական խոհանոցը՝ բազմաբովանդակ դրսևորումներով:

Փառատոնի գլխավոր նպատակն է ձևավորել ստեղծարար համայնք՝ Մեղրի համայնքի մշակութային ինքնատիպության և ստեղծարար ներուժի աշխուժացմամբ՝ միավորելով Մեղրիի և Հայաստանի տարբեր մարզերից և ԱՊՀ երկրներից հրավիրված մասնակիցներին մեկ մշակութային հարթակում։

Փառատոնի միջավայրը կնպաստի միջմշակութային երկխոսության խորացմանը և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանության ու վերարժևորման միջոցով Մեղրի համայնքի դիմակայունության ամրապնդմանն ու կայուն զարգացմանը։

Փառատոնին կմասնակցի շուրջ 20 արհեստագործ վարպետ Հայաստանից և 24 վարպետ ԱՊՀ անդամ երկրներից, Վրաստանից ու Իրանից:

Փառատոնային ծրագրի միջոցառումները նախատեսված են թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար: Առանձին գոտիներից բաղկացած տաղավարներում կլինեն կրթական, մշակութային, ժամանցային հետաքրքիր միջոցառումներ՝ ստվերների թատրոն, տիկնիկային ներկայացումներ, հեքիաթների ընթերցումներ՝ լի անակնկալներով և աննկարագրելի վառ զգացողություններով։ Փառատոնային ծրագիրը կեզրափակվի երեկոյան համերգային կատարումներով. ելույթ կունենան «Կաթիլ» բենդը, Թանգարանի «Մանել» երգչախումբը և «Վարը վարենք» կրթամշակութային կազմակերպութունը։ Միջոցառումների կարևոր բաղադրիչ է լարախաղացության ներկայացումը:

Ծրագիրն անցկացվում է ամեն տարի Հայաստանի որևէ մարզում՝ նպաստելով համայնքների ներգրավվածությանը, մշակութային զբոսաշրջության զարգացմանը:

Այս տարի փառատոնի բացման օրը համընկնում է նաև Թանգարանների գիշեր համաեվրոպական միջոցառման հետ: