Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ կայացել է աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի համերգը, որի մեկնարկից առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է ոլորտի միջազգային անվանի ներկայացուցիչների:

Երաժշտարվեստի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, միջազգային գործընկերային կապերն ու ձեռքբերումներն ամրապնդելու համար, ինչպես նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով են պարգևատրվել՝

  • Մերձավոր Արևելքի առաջատար կատարողական արվեստի կենտրոնի՝ Dubai Opera-ի ղեկավար, մշակութային հեղինակավոր գործիչ, գիտնական Պաոլո Պետրոչելլին,
  • Royal Opera House Muscat օպերային թատրոնի գլխավոր տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ումբերտո Ֆաննին,
  • Բազմակի Գրեմմի մրցանակակիր, դասական երաժշտության ձայնային ռեժիսոր և պրոդյուսեր Քրիստոֆեր Ալդերը,
  • Ջութակահար, Jingse International Culture and Education կազմակերպության նախագահ Յուան Յուանը,
  • Միջազգային երաժշտական փառատոնների և մրցույթների նախագահ, մշակութային գործիչ և բարերար Կոնստանտին Իշխանովը:

Անվանի արվեստագետներն իրենց գործունեությամբ մեծ ներդրում են ունեցել հայ կատարողական արվեստի և հայ դասական երաժշտարվեստի տարածման գործում։ Նրանց աջակցությամբ իրականացվել են նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մի շարք կարևոր նախագծեր, որոնք նպաստել են հայկական երաժշտարվեստի ներկայացմանը միջազգային բեմերում և Հայաստանի ու արտերկրի միջև մշակութային կապերի ամրապնդմանը։