ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ և աջակցությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակին նվիրված գալա համերգը, որի հատուկ հյուրն էր աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը։
Համերգին հետևել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, պաշտոնատար այլ անձինք, արվեստասերներ:
Լանգ Լանգը Հայաստան է այցելել առաջին անգամ: Անվանի երաժիշտը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարել է Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։ Համերգը ղեկավարել է Սերգեյ Սմբատյանը։ Հոբելյանական համերգի երկրորդ հատվածում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրել է հանրության կողմից սիրված նախագծերից կատարումներ՝ անվանի հայ արտիստների մասնակցությամբ։
Միջոցառումը ևս մեկ կարևոր քայլ էր ԿԳՄՍ նախարարության մշակութային քաղաքականության իրականացման և միջազգային բարձրակարգ արվեստագետների մասնակցությամբ համերգային կյանքի ակտիվացման ուղղությամբ: Համերգի կազմակերպման նպատակով Կառավարությունը 106 մլն ՀՀ դրամ գումար էր հատկացրել:
Նշենք, որ 2009 թվականին Time ամսագիրը Լանգ Լանգին ընդգրկել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում։ Նա նաև Lang Lang International Music Foundation-ի հիմնադիրն է, որն ուղղված է երիտասարդ տաղանդների բացահայտմանն ու երաժշտական կրթության զարգացմանը։
Նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանը մեկնարկել է դեռևս սեպտեմբերից և ներառում է մի շարք հետաքրքիր նախագծեր, մեծամասշտաբ համերգներ Երևանում, մարզերում և արտերկրում: