ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղն իրականացնում է անգլերեն դասավանդող ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված «Դասավանդում հանուն հաջողության» համաժողովը, որն այս տարի կրում է «Որակյալ դասավանդում՝ որակյալ ուսումնառության համար. ապացույցներ, նորարարություն և ազդեցություն» խորագիրը:
Համաժողովի մեկնարկի միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը:
Համաժողովի նպատակն է ստեղծել հարթակ անգլերենի դասավանդման արդի միտումների և արդյունավետ գործելակերպերի քննարկման համար, խթանել ուսուցիչների մասնագիտական համագործակցությունն ու փորձի փոխանակումը, ներկայացնել ուսուցիչների շարունակական զարգացմանը միտված գործնական մոտեցումներ։ Համաժողովին մասնակցելու համար գրանցվել է դպրոցների և բուհերի շուրջ 1200 անգլերենի մասնագետ։
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ուսուցիչների թիվը վկայում է, որ ուսուցչական համայնքն ամենաակտիվ սովորող համայնքն է:
«Այսօրինակ հարթակները կարևոր են, բայց ավելի կարևոր է, որ դրանք չմնան իրադարձության մակարդակում, այլ դառնան դասավանդման գործընթացը վերափոխող հարթակներ: Ես վստահ եմ, որ համաժողովից դուք ձեզ հետ տանելու եք այն, ինչն իրապես փոխելու է ձեր աշխատանքային առօրյան՝ հարստացնելով ձեր փորձառությունը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նա առանձնակի անդրադարձել է Բրիտանական խորհրդի հետ համագործակցությանը՝ ուղղված համակարգային փոփոխություններին, որոնց առաջամարտիկներից են անգլերենի ուսուցիչները: Այս համատեքստում նա ընդգծել է ուսուցիչների ակտիվ մասնակցության և բարեփոխումների բարդ ճանապարհը միասին անցնելու կարևորությունը:
Նախարարը համաժողովը կարևորել է նաև կրթական համակարգի, դասավանդման գործընթացի մարտահրավերները, ակնկալվող փոփոխությունները, առկա դժվարությունները քննարկելու, խնդիրների մասին բաց խոսելու, միմյանցից սովորելու և լուծման ճանապարհներ գտնելու տեսանկյունից:
Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել մասնակից ուսուցիչներին և Բրիտանական խորհրդին շարունակական համագործակցության համար և մաղթել համաժողովին արդյունավետ ընթացք։
Համաժողովի ձևաչափը ներառում է լիագումար զեկույցներ Մեծ Բրիտանիայից հրավիրված փորձագետ, անգլերենի դասավանդման մեթոդաբանության ոլորտի առաջատար հեղինակ Ջերեմի Հարմերի մասնակցությամբ, որը մի շարք մասնագիտական գրքերի հեղինակ է: Նախատեսված են նաև տեղացի ուսուցիչների գործնական զեկույցներ, աշխատարաններ, «ELT-Voice» ձևաչափով ելույթներ, որոնց ընթացքում ուսուցիչները կներկայացնեն իրենց հաջողության պատմությունները։