Թումո կենտրոնում տեղի է ունեցել ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի (EUCC) շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Կառավարության ներկայացուցիչներ, դեսպաններ, պաշտոնատար այլ անձինք:

ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը կառուցվում է Երևանի Հրազդանի կիրճի մոտակայքում՝ գործող Թումո կենտրոնի անմիջական հարևանությամբ։ 18.000 մ² ընդհանուր մակերես զբաղեցնող շենքը նախագծել է աշխարհահռչակ MVRDV ճարտարապետական ընկերությունը։ Համալիրը կներառի Թումո լաբեր՝ կրթական, ինժեներական և ինկուբացիոն ծրագրերով, հետազոտական և կիրառական լաբորատորիաներ, համատեղ աշխատանքի և համաֆինանսավորման հարթակներ, կոնֆերանս կենտրոն և բիզնես տարածքներ։

Նախագիծն իրականացվում Կառավարության՝ Հայաստանում տեխնոլոգիական կրթության զարգացման բարեփոխումների շրջանակում։ Ծրագրի արժեքը 42,5 մլն եվրո է, որի 12,5 մլն եվրոն Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագրի շրջանակում «Սիմոնյան» կրթական հիմնադրամին ԵՄ–ի տրամադրած դրամաշնորհն է։ EUCC-ի կառուցումը կնպաստի Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական և ինժեներական կենտրոն վարկանիշի բարձրացմանը։ Արդյունքում, ըստ պատասխանատուների, կձևավորվի տարածաշրջանի եզակի STEM հանգույց, կստեղծվեն ներդրումային և բիզնես համագործակցության նոր հնարավորություններ, կապահովվեն համաշխարհային չափանիշներին համապատասխան կրթություն և փորձառություն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և շնորհակալություն հայտնել նախագիծն իրականացնողներին՝ ԵՄ գործընկերներին, Թումո կենտրոնին, նախագծի հեղինակին։ Նա արձանագրել է՝ Հայաստանի Հանրապետությունում լավ կյանքը հասանելի է բոլոր այն մարդկանց համար, որոնք կարող են և ուզում են ընթանալ կրթության ճանապարհով՝ անկախ տարիքից:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով նախաձեռնությունը, որը, ըստ նրա, նոր մշակույթ է բերելու գիտելիքի առևտրայնացման և տնտեսության հետ կապի շղթան ամբողջացնելու գործում։

«Գիտելիքի առևտրայնացումն ու տնտեսության հետ կապի ամրապնդումը 2026-2030 թթ. Գիտության զարգացման ռազմավարության առաջնահերթ թիրախներից են: Մենք տաղանդավոր երիտասարդների պակաս չունենք, ու այսպիսի միջավայրերը հնարավորություն են տալիս երիտասարդներին իրենց գաղափարներով հանդիպել մասնավոր ոլորտի ներկայացուցիչներին և ուժերի համախմբումով իրականություն դարձնել դրանք: Այսօրինակ ծրագրերը նաև ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրման հիմք են հանդիսանում: Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի կրթության դեմքը և այն, ինչով մենք ներկայանում ենք աշխարհին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նա հավելել է՝ Թումոն ձևավորում է այն միջավայրը, որտեղ երեխաները ստանում են այլ կերպ ապրելու հնարավորություն՝ ստեղծագործ, նորարար, լայն հեռանկար բացող:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի ձեռքբերումներին ՏՏ կրթության ոլորտում, որոնք հետաքրքիր, տեսանելի և մրցունակ են նաև աշխարհի տարբեր երկրներում և միջազգային հարթակներում:

Նախաձեռնությունը կարևորել և համագործակցության համար շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:

Գործունեության ընթացքում Թումո լաբերը հազարավոր շահառուների ապահովել են նորարարական կրթություն և իրականացրել ավելի քան 55 նախագիծ տեղական և միջազգային ընկերությունների հետ՝ ձևավորելով գիտելիքի փոխանցման և տեխնոլոգիական արտադրանքի զարգացման գործուն միջավայր։