Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական նոր խորհրդի առաջին նիստը, որը վարել է Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը նախ շնորհավորել է ներկաներին՝ խորհրդի կազմում ընդգրկվելու կապակցությամբ և ընդգծել, որ նոր աշխատակարգով էլ ավելի են մեծացել խորհուրդների դերն ու կարևորությունը, և դարձել տեսանելի դրանց մասնակցությունը տվյալ ոլորտների քաղաքականությունների մշակման գործընթացում։ ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է որ նոր կարգի համաձայն՝ հասարակական խորհրդի շրջանակում պետք է քննարկվեն բոլոր ռազմավարությունները, ծրագրերն ու հայեցակարգերը, ընդ որում՝ դեռևս գաղափարի փուլում, և ևս մեկ անգամ՝ արդեն նախագիծ դառնալու և շրջանառվելու ընթացքում։ «Սա նշանակում է, որ խորհուրդն արդեն պաշտոնապես ամրագրված դեր ունի ռազմավարական ծրագրերի շուրջ կարծիք հայտնելու առումով, և դրանք պետք է արտացոլվեն նաև ամփոփաթերթում՝ կամ ընդունվելով, կամ եթե չեն ընդունվում, ապա ներկայացնելով համապատասխան հիմնավորումներ։ Շատ կարևոր եմ համարում նաև, որ հասարակական խորհուրդներին վերապահվել է հնարավորություն՝ ստեղծել աշխատանքային խմբեր և դրանց շրջանակում քաղաքականությունների լավարկման ուղղությամբ կոնկրետ ուղղություններով առաջարկություններ ներկայացնել, որոնք լիազոր մարմինը կդիտարկի։ Եվ, իհարկե, շատ կարևոր եմ համարում նաև այն փոփոխությունը, որը թույլ է տալիս խորհրդին նաև հանրային առումով դառնալ ավելի տեսանելի հարթակ․ նոր ընթացակարգով պարտադիր է, որպեսզի հասարակական խորհրդի նիստերը հեռարձակվեն, և սա ևս մեկ անգամ թե՛ նախարարությանը, և թե՛ հասարակական խորհրդի անդամներին յուրահատուկ պատասխանատվություն և կշիռ է հաղորդում»,-ողջույնի խոսքում նշել է Ժաննա Անդրեասյանը։

Այնուհետև նախարարն անդրադարձել է օրակարգի հարցին, այն է՝ Կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագրով ԿԳՄՍ ոլորտներում 2026 թվականին նախատեսված աշխատանքները։ «Որպես Կառավարության ծրագրի վերջին տարի՝ 2026 թվականը շատ կարևոր է, քանի որ ամփոփելու ենք 2021-ից մեկնարկած լայնածավալ բարեփոխումների ընթացքը և գնահատելու ենք, թե որքանով են սահմանված թիրախները կատարված։ Սկսելով կրթության ոլորտից՝ ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել 300 դպրոցների, 500 մանկապարտեզների մեծածավալ ծրագրի վրա, որի շրջանակում 2025-ին աշխատանքներ են իրականացվել ավելի քան 320 դպրոցում և ավելի քան 490 մանկապարտեզում․ աշխատանքները 2025-ի դրությամբ ավարտվել են ավելի քան 100 դպրոցում և 280 մանկապարտեզում ու նախակրթարանում։ Բնականաբար, 2026-ին մենք այս աշխատանքը շարունակելու ենք․ տարեվերջի դրությամբ 300-ից ավելի դպրոցներում և 500 մանկապարտեզներում աշխատանքներն ավարտված կլինեն։ Հիշեցնեմ, որ բոլոր այս հաստատություններն ապահովվում են նաև անհրաժեշտ գույքով և սարքավորումներով։ Կառավարության ծրագրի առանձին թիրախը բոլոր դպրոցների բնագիտական և ինժեներական լաբորատորիաների հագեցումն է․ 2025-ի տարեվերջի դրությամբ 800 դպրոցներ արդեն հագեցված են։ 2026-ին պլանավորում ենք այս աշխատանքները շարունակել, և բոլոր դպրոցներն այս տարի այդ հագեցվածությունը կունենան։ Այս տարի կվերջնականացնենք նաև հանրակրթության նոր չափորոշչի ներդրումը․ 2026-ի սեպտեմբերից այն կներդրվի նաև 12-րդ դասարանում, և հաջորդ ուսումնական տարում կունենանք նոր չափորոշչի տրամաբանությամբ դպրոցական կրթության ավարտը։
Չափորոշիչների ներդրմանը համընթաց՝ իրականացվել է նաև նոր դասագրքերի ստեղծումը․ ավելի քան 200 անուն դասագրքեր են ստեղծվել, մրցակցային դաշտ է ձևավորվել, և դասագրքի արժեքը միջինում նվազել է մինչև 26%-ով․ շարունակական լավարկում ենք նաև դասագրքերի որակը։ Շարունակում ենք ավելացնել հանրակրթության ֆինանսավորումը․ 2021 թվականի նկատմամբ ավելի քան 35%-ով աճ ունենք միայն դպրոցների ընթացիկ ֆինանսավորման մասով։ Ուսուցիչների մասնագիտական զարգացման ու դրան փոխկապակցված վարձատրության բարձրացումը մեր առաջնահերթ ուղղություններից է․ 2025 թվականին ավելի քան 15 միլիարդ դրամ ենք ուղղել այս նպատակին, 2024-ի ցուցանիշը 45%-ից ավելի գերազանցել ենք, 2018 թվականի ցուցանիշը 1163%-ով ենք ավելացրել։ 2026-ին էլ ավելի շատ գումարներ են նախատեսված այս ուղղությամբ՝ 19 միլիարդ դրամ ուղղված է միայն ուսուցիչների խրախուսման ծրագրին։ Այստեղ, իհարկե, մեր խոշորագույն ծրագրերից մեկը կամավոր ատեստավորումն է․ այս պահին 9602 անձ արդեն ատեստավորված է՝ ամեն երրորդ ուսուցիչը, և մենք նաև եռակի աճ ենք գրանցել տարակարգի դիմելու և այն ստանալու տեմպի մասով, որտեղ ուսուցիչներն ունեն հավելյալ 10-50% հավելավճարի հնարավորություն։ 9200 ուսուցիչներ, որոնք բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաներ առարկաներն են դասավանդում, ստանում են 25% հավելավճար, գյուղական մինչև 100 սովորող ունեցող դպրոցների ուսուցիչների ծրագրի շահառու է 3120 մանկավարժ, որոնք էլ ստանում են իրենց հավելավճարը։ 2024-25 թվականներին դպրոց են մուտք գործել ավելի քան 4000 նոր ուսուցիչներ, և նրանց կեսից ավելին գյուղական բնակավայրերում է աշխատում, ինչը ցույց է տալիս, որ այս թիրախային ծրագրերը արդյունք են ունենում։ Հատկապես ուրախալի է, որ ուսուցիչների շուրջ 80%-ը մինչև 45 տարեկան անձինք են, և Կառավարության ծրագրի կարևոր թիրախներից է՝ խրախուսել և ներգրավել նոր ուսուցիչներ»,-նշել է նախարարը՝ անդրադառնալով նաև դպրոցների հոգեբանների և հատուկ մանկավարժների ատեստավորման, ինչպես նաև դպրոցների կառավարման ուղղությամբ կատարված աշխատանքներին։ Նախադպրոցական կրթության ոլորտում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է 3-5 տարեկանների ընդգրկվածության թիրախին․ նախատեսվում է 2026 թվականին ունենալ 85% ընդգրկվածություն։ Հաջորդ թիրախը նախադպրոցական կրթության հասանելիությունն է բոլոր բնակավայրերում․ 2025 թվականի դրությամբ 1011 բնակավայրից միայն 87-ում կամ 8.6%-ում է, որ առկա չեն նախադպրոցական ծառայություններ, մինչդեռ 2023-ին այս ցուցանիշը 229-ն էր կամ շուրջ 22.7%․ առկա է ցուցանիշի բարելավում 62%-ով։ Այս ոլորտում նախարարն անդրադարձել է նաև մասնավոր մանկապարտեզների և լիցենզավորման պայմանների հետ կապված հարցերին։

Անդրադառնալով մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այն տնտեսության զարգացման համար ամենակարևոր ուղղություններից է, և շատ լուրջ առաջընթաց կա այս ոլորտում․ «2025 թվականի տարեվերջի դրությամբ քոլեջներում սովորում է ավելի քան 47700 ուսանող, 2021 թվականի նկատմամբ՝ ունենք ավելի քան 27%-ի աճ, իսկ ընդունելության ցուցանիշը աճել է մոտ 29%-ով։ 2023 թվականից գերակա ուղղություններով ներդրել ենք 50000 դրամ կրթաթոշակի մոտեցումը, և այստեղ աճը էլ ավելի մեծ է։ 2024 թվականին ընդունեցինք «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքը, որտեղ դուալ կրթությունը դառնում է հիմնական մեթոդ։ Սա պիտի օգնի գործատուի հետ կապը դարձնել անընդհատ, և մեր սովորողներին փոխանցել գործնական հմտություններ»,-նշել է նախարարը՝ անդրադառնալով նաև այս ոլորտում մասնավորի հետ համագործակցության կարևորությանը։

Բարձրագույն կրթության ոլորտում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նոր օրենքի ընդունմանը և «Ակադեմական քաղաք ծրագրին, բուհերում օտարերկրյա ուսանողների ընդունելության էլեկտրոնային համակարգին։ Գիտության ոլորտում ժաննա Անդրեասյանն առանձնացրել է 2026-2030 թվականների ռազմավարության ընդունման, երիտասարդ գիտնականների ներգրավվածության, գիտության ոլորտի ֆինասնավորման աննախադեպ աճի, նորագույն սարքավորումներին հասանելիության և այլ հարցերը։ Նախարարն անդրադարձել է նաև սփյուռքի հետ կապերի ուղղությամբ կատարվող մեծ ծավալի աշխատանքներին, ինչպես նաև հայերենի իմացության սպուգման և գնահատման նոր համակարգի մշակմանը։ Երիտասարդության ոլորտում նա խոսել է նոր ընդունված օրենքի կարևորության, մարզերում ստեղծվող երիտասարդական կենտրոնների, երիտասարդների շրջանում ոչ ֆորմալ կրթական ծրագրերի խրախուսման և այլ հարցերի մասին։

Սպորտի ոլորտում Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է բարձր նվաճումների և մասսայական սպորտի, ինչպես նաև ենթակառուցվածքների բարելավման և երեխաների շրջանում սպորտով զբաղվելու հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ իրականացված մեծամասշտաբ ծրագրերին։

Մշակույթի ոլորտում նախարարը կարևորել է թատերահամերգային կազմակերպություններում ֆինանսավորման նոր մոդելի ներդրման հարցը՝ ընդգծելով, որ դրա արդյունքում վերոնշյալ հաստատությունների սեփական եկամուտները մի քանի անգամ աճել են։ Կինոյի ոլորտում նախորդ տարի գործարկվել է ներդրումների մասնակի վերադարձի մեխանիզմը, որը համատեղ արտադրության ու կինոոլորտի տնտեսականացման շատ լուրջ հնարավորություններ է տալիս։ Անդրադառնալով մշակութային կրթությանը՝ նախարարը նշել է, որ էապես բարելավվել են բաժանորդային համակարգի ցուցանիշները․ 310 հազար երեխաներ այս համակարգով այցելել են թանգարաններ, թատրոններ, համերգասրահներ, որը դպրոցներում սովորողների շուրջ 73 տոկոսն է։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև հուշարձանների վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքները․ «2025 թվականին այս ուղղությամբ ծախսվել է 1 մլրդ 386 մլն դրամ․ 2022 թվականի ցուցանիշը գերազանցել ենք 542% տոկոսով, 2026-ին էլ ունենք 1 մլրդ 673 մլրդ դրամի հատկացում։ Կապիտալ ներդրումները ոլորտում շատ մեծ ծավալի են հասնում․ նախորդ տարի 947 միլիոն դրամ հատկացրել ենք մշակութային հաստատություններում շենքային և գույքային պայմանների բարելավմանը․ 2026 թվականի համար նախատեսված է 977 միլիոն դրամ»,-նշել է նախարարը՝ զեկույցի վերջում անդրադառնալով մշակույթի ապակենտրոնացման հարցին։ Նրա խոսքով՝ նախորդ տարի այդ ուղղությամբ 14 տարբեր ծրագրեր են իրականացվել, տեղի են ունեցել 7 երաժշտական փառատոներ, որոնք նախորդ տարվա նկատմամբ ունեցել են 20%-ով ավելի հանդիսատես՝ ավելի քան 106000 մարդ, երեք թատերական փառատոն՝ 14000 հանդիսատեսի մասնակցությամբ։

Նախարարի զեկույցից հետո հասարակական խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել Ժաննա Անդրեասյանին, որոնք, մասնավորապես, վերաբերել են կրթութան ոլորտի բարեփոխումներում ռիսկերի գնահատմանը, փորձագիտական և մոնիտորինգային խմբերի ձևավորմանը, բարեվարքության կառուցակարգերին, գրադարանների և թանգարանների աշխատակիցների համար ևս ատեստավորման հնարավորությանը, սոցիալական խմբերի համար մշակութային հաստատությունների հասանելիությանը, դպրոցների մարզադահլիճների վերանորոգման, վերակառուցման հարցերին և որոշակի ստանդարտի մշակմանը, մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների ֆինանսավորմանը, ուսուցիչների տրասպորտային ծախսերի փոխհատուցմանը, երիտասարդական կենտրոնների աշխատանքների լավարկմանը և պետական ֆինանսավորմանը, կրթության ոլորտի ֆինանսավորմանը, ռազմավարության մշակման գործընթացներն առավել մասնակցային դարձնելուն՝ դրանում ներգրավելով համայնքային կազմակերպություններին, կատարողական հիմնական ցուցիչներին, հանրակրթության մեջ խաղաղության օրակարգի ներգրավմանը, ապահով և անվտանգ ուսումնական տարվան, մշակութային հաստատությունները մասնավորի կառավարմանը հանձնելու հնարավորությանը, քննադատական մտքի ձևավորմանը, տպարանների ուղղությամբ կատարվող աշխատանքներին, բուհերում ինքնահավատարմագրման իրականացմանը և որակի ապահովման համակարգին, կրթություն-աշխատաշուկա կապին և դուալ կրթության գնահատման համակարգին, մարզերի մշակութային հաստատությունների ենթակառուցվածքների բարելավմանը, թվայնացման գործընթացին և այդ համատեքստում նշյալ հաստատությունների աշխատակիցների կարողությունների զարգացմանը, կրթօջախները հատուկ կարիքներ ունեցող անձանց համար մատչելի դարձնելուն, մեկենասության մասին օրենքին, արվեստի քննադատական մասնագիտությունների ուղղությամբ ծրագրերի իրականացմանը, ուսուցիչների ատեստավորմանը, դպրոցներում հեռախոսների առկայության խնդիրներին և այլն։

Նախարարը հանգամանալից անդրադարձել է բոլոր հարցերին՝ խորհրդի անդամներին տրամադրելով համապատասխան տեղեկատվություն հնչեցված դիտարկումների վերաբերյալ։

Նիստի ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջարկներ ներկայացնել թեմատիկ ուղղություններով տարբեր աշխատանքային խմբերի ձևավորման և դրանց համար կանոնակարգի մշակման ուղղությամբ։

Ամփոփելով նիստը՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել շահագրգիռ քննարկման և հետաքրքիր հարցադրումների համար՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ խորհրդի անդամները կարող են իրենց հարցերը ներկայացնել գրավոր ընթացակարգով։