Կառավարությունն այսօրվա՝ հունվարի 29-ի նիստում հաստատել է ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը, միջոցառումների ժամանակացույցը, ինչպես նաև ՀՀ-ում գիտության և տեխնոլոգիաների ոլորտների զարգացման 2026-2030 թվականների գերակա ուղղությունները: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարը հիշեցրել է՝ գիտության ոլորտի զարգացումը Կառավարության 2021–2026 թվականների ծրագրի առաջնահերթություններից է․ այս ուղղությամբ կատարված հետևողական աշխատանքի արդյունքում գիտության ոլորտի ֆինանսավորումը 2018 թվականի համեմատ աճել է շուրջ 180 տոկոսով։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ սա հնարավորություն է տվել ձևավորելու զարգացման հստակ օրակարգ՝ կասեցնելով նախորդ տարիների անկումը։
«Գիտնականների բազային վարձատրության 105-ից մինչև 300 տոկոս աճը, ինչպես նաև երիտասարդների համար նախատեսված բազմազան դրամաշնորհային ծրագրերը գիտությամբ զբաղվելը դարձրել են գրավիչ։ Սկսած 2022 թվականից՝ մենք արձանագրում ենք գիտնականների թվի աճ. ոլորտ են մուտք գործել ավելի քան 600 նոր գիտնականներ, որոնց մեծ մասը երիտասարդներ են։ Միաժամանակ ներգրավվում են նաև հեղինակավոր գիտնականներ արտերկրից․ ներկայում թիրախային ծրագրերի շրջանակում համագործակցություն կա ավելի քան 30 երկրի 160 գիտնականի հետ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Նա նաև նշել է՝ կապիտալ ներդրումների շնորհիվ Հայաստանում հնարավոր է միջազգայնորեն մրցունակ գիտական հետազոտությունների իրականացումը. Երևանի պետական համալսարանում վերջերս բացված արհեստական բանականության կենտրոնը դրա վառ օրինակներից է։
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ գիտության միջազգային մրցունակության աճի մասին է վկայում նաև այն փաստը, որ 2025 թվականի տարեվերջի դրությամբ Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ՀՀ-ից ներկայացվել է ընդհանուր 183 հայտ, ինչը 39-ով ավելի է նախորդ տարվա համեմատ, կնքվել է նաև ֆինանսավորման ևս 8 պայմանագիր՝ պայմանագրերի ընդհանուր թիվը հասցնելով 25-ի՝ շուրջ 8.3 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով։
«2024 թվականից սկսած՝ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված, ազդեցության գործակից ունեցող պարբերականներում հայաստանյան գիտնականների հրապարակումների պատմական առավելագույն ցուցանիշներ են գրանցվել։ Հրապարակվել է շուրջ 1700 գիտական հոդված, այն դեպքում, երբ նախորդ տարիներին ցուցանիշները զգալիորեն ավելի ցածր են եղել։ Այս և այլ ձեռքբերումները հնարավորություն են տվել նախանշելու գիտության զարգացման հաջորդ փուլի թիրախները, որոնք ներկայացված են գիտության ոլորտի զարգացման ռազմավարության նախագծում և հիմնված են ինչպես 2025 թվականին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի, այնպես էլ «Ակադեմիական քաղաքի» հայեցակարգի վրա»,- ասել է նախարարը։
Նրա դիտարկմամբ՝ ռազմավարությունը, հիմք ընդունելով նախորդ ծրագրերի շրջանակում ստացված արդյունքներն ու ձևավորված ուղղությունները, նպատակ ունի շարունակելու գիտական գերազանցության և միջազգային հեղինակության բարձրացման պետական նախաձեռնողական քաղաքականությունը։ Նախագծով նախատեսվում են գիտության տնտեսականացմանն ուղղված ծրագրեր, որոնք համակարգը կզինեն գիտությունից դեպի արտադրություն անցնելու ենթակառուցվածքներով, մտավոր սեփականության պաշտպանության համակարգով և ֆինանսական գործիքներով։ Միաժամանակ, ռազմավարությունը նպատակ ունի բարձրացնելու գիտության սոցիալական ազդեցությունը՝ գիտական ձեռքբերումների ավելի լայն լուսաբանման և հանրային միջոցառումների ներգրավման միջոցով։ Առաջարկվում է ներդնել հաշվետվողականության ավելի բարձր մակարդակի գործիքակազմ՝ կառավարման համակարգը դարձնելով առավելագույնս թվային և օպտիմալ, վերակազմակերպելով ոլորտի կառուցվածքը, ապահովելով անհրաժեշտ սարքավորումներ ու ենթակառուցվածքներ։
«Ծրագիրը ներառում է գործողությունների ծավալուն փաթեթ՝ ընդհանուր 94 տարբեր գործողություն։ Նախատեսվում է, որ մինչև 2030 թվականը Հայաստանի Հանրապետությունում առնվազն 400 առաջատար հետազոտողների խմբեր կստեղծեն՝ նպաստելով գիտական հետազոտությունների որակի բարձրացմանն ու միջազգայնացմանը։ Առնվազն 1000 հայ գիտաշխատողներ կվերապատրաստվեն արտերկրի առաջատար կենտրոններում։ Կներդրվի ծրագիր՝ 150 օտարերկրյա երիտասարդ հետազոտողների, ինչպես նաև հինգ գլոբալ առաջատար հետազոտողների՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխման համար։ Կհիմնադրվի ռիսկային նախաձեռնություններում ներդրումներ իրականացնող պետական-մասնավոր հիմնադրամ, կներդրվի մասնավոր հատվածում մտավոր սեփականության պաշտպանության խթանման համակարգ, ինչպես նաև կգործարկվի ստարտափներում հանրային և խմբային ներդրումների մեխանիզմը»,- ներկայացրել է ԿԳՄՍ նախարարը։
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ գերակա ուղղություններով կիրականացվեն բազմաբնույթ ծրագրեր, այդ թվում՝ պետական կարիքներից բխող առնվազն 20 հետազոտություն՝ հաշվի առնելով պետական կառավարման և ոլորտային զարգացման առաջնահերթությունները։ Քայլեր կձեռնարկվեն գիտական հետազոտություններում մասնավոր հատվածի ներգրավումը խթանելու ուղղությամբ։ Կիրականացվի նաև ուսուցիչների վերապատրաստում գիտական կազմակերպություններում, ինչը, ըստ Ժաննա Անդրեասյանի, կարևոր է կրթություն–գիտություն շղթայի շարունակականությունն ապահովելու առումով։ Ակադեմիական քաղաքում կկառուցվեն գիտությունից արտադրություն անցման երեք նախատիպավորման ենթակառուցվածքներ՝ որպես առևտրայնացման կարևոր քայլ։ Կիրականացվեն նաև խոշորացվող գիտական կազմակերպությունների և համալսարանների ինտեգրման, ինչպես նաև միջգիտակարգային հետազոտությունների խթանման ավելի քան 30 ծրագրեր։
«Այս ցանկը կարելի է շարունակել, սակայն ռազմավարական ծրագրի թերևս ամենակարևոր հանձնառությունն այն է, որ մինչև 2030 թվականը գիտության ոլորտի ֆինանսավորումը կհասցվի ՀՆԱ-ի շուրջ 1 տոկոսին։ Դրանից մոտ 0.75 տոկոսը նախատեսվում է ապահովել պետական միջոցներով, իսկ 0.25 տոկոսը՝ մասնավոր հատվածի մասնակցությամբ՝ խրախուսելով մասնավոր ներդրումները գիտական հետազոտություններում և մշակումներում»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը։
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2025 թվականին 2018-ի համեմատությամբ գիտության ֆինանսավորման 180 տոկոս աճ է արձանագրվել: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ 2025-ին պետբյուջեից շուրջ 40,2 մլրդ դրամ է հատկացվել, իսկ 2018-ին՝ շուրջ 14 մլրդ, որտեղ ներառվում է նաև ռազմարդյունաբերության բյուջեն:
Վարչապետը ներկայացրել է, թե բյուջեի ֆինանսավորման փոփոխության և ատեստավորման համակարգի ներդրման արդյունքում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել գիտնականների վարձատրության համակարգում: Մասնավորապես՝ 2021 թվականին լաբորանտ-ճարտարագետը ստացել է 67,300 դրամ, 2026-ին՝ 138,300 դրամ նվազագույն աշխատավարձ, աճը՝ 105 տոկոս, ավագ լաբորանտ ճարտարագետը 2021-ին՝ 76,000 դրամ, 2026-ին՝ 179,000 դրամ, աճը՝ ավելի քան 135 տոկոս, ավագ գիտաշխատողը 2021-ին՝ 99,000 դրամ, 2026-ին՝ 343,000 դրամ, աճը՝ 246 տոկոս, առաջատար գիտաշխատողը 2021-ին՝ 114,300 դրամ, 2026-ին՝ 443,800 դրամ, աճը՝ 288 տոկոս, գլխավոր գիտաշխատողը 2021-ին՝ 138,100 դրամ, 2026-ին՝ 552,900 դրամ, աճը՝ 300 տոկոս, գիտական խմբի ղեկավարը 2021-ին՝ 129,000 դրամ, 2026-ին՝ 410 հազար դրամ, աճը՝ 217 տոկոս, գիտական ստորաբաժանման ղեկավարը 2021-ին՝ 141,00 դրամ, 2026-ին՝ 477,000 դրամ, աճը՝ 238 %:
Հավելումն՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հայ գիտնականների միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ներկայացված հրապարակումներին զուգահեռ բարելավվել է հայկական գիտական ամսագրերի որակը․ 2025 թվականին Հայաստանի երեք գիտական ամսագրեր արդեն ընդգրկվել են միջազգային շտեմարաններում, որոնցից երկուսը բուհական են (Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, Երևանի պետական համալսարան)։