ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
Ողջունելով դեսպան Նիկոլովին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է նրան ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք՝ ի շահ Հայաստանի և Բուլղարիայի միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման։ Նախարարն ընդգծել է, որ երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված ջերմ ու գործընկերային կապերն ամուր հիմք են կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության ներուժն ընդլայնելու համար։
Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցության խորացման հնարավորություններին՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է գործող կրթաթոշակային ծրագրի շարունակականությունը՝ առաջարկելով քննարկել միջբուհական համագործակցության զարգացման, ուսանողների և դասախոսների փոխանակման, համատեղ կրթահետազոտական նոր ծրագրերի հնարավորությունները։ Այդ համատեքստում ընդգծվել է ԵՄ «Էրազմուս+» և «Հորիզոն Եվրոպա» ծրագրերի շրջանակում համագործակցության ակտիվացումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մշակույթի ոլորտում փոխգործակցությանը, կարևորվել են երկու երկրների մշակութային հաստատությունների միջև կապերի ամրապնդումը, համատեղ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև երկուստեք փառատոներին և միջազգային ֆորումներին մասնակցությունը։
Սպորտի ոլորտում համագործակցության ընդլայնման համատեքստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ 2026 թվականի փետրվարի 27-ից մարտի 5-ը Երևանում կանցկացվի Հրաձգության մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որին նախատեսվում է նաև բուլղարացի մարզիկների մասնակցությունը։
ՀՀ-ում Բուլղարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վերահաստատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման պատրաստակամությունը՝ ընդգծելով առկա մեծ ներուժը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։