ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Ռումինիայի ազգային տոնին նվիրված հանդիսավոր արարողությանը, որը կազմակերպել է Հայաստանում Ռումինիայի դեսպանությունը:

Նախարարը հանդես է եկել ողջույնի խոսքով և շնորհավորել ներկաներին՝ նշելով, որ Հայաստանը հետամուտ է Ռումինիայի հետ զարգացնելու երկկողմ և բազմակողմ հարաբերությունները: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանն ընդգծել է Ռումինիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ՝ որակապես նոր և ընդլայնված հարաբերությունների հետագա խորացմանը՝ հատկապես կարևորելով տարածաշրջանային ընդգրկում ունեցող հաղորդակցության նախագծերը և մարդկանց միջև շփումները։ Նախարարը շեշտել է՝ ողջունելի է նաև Ռումինիայի կողմից տարածաշրջանում խաղաղության հաստատման Հայաստանի ջանքերին սատարումը. «Երկու ժողովուրդների բարեկամության խորացման գործում կարևոր դեր է խաղում Ռումինիայի հայ համայնքը, որն իր ներդրումն է ունեցել ազգային ժառանգության հարստացման գործում: Ուրախ եմ արձանագրել, որ հոկտեմբերի 12-ը Ռումինիայում հռչակվել է որպես Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր, ինչը վկայում է ռումինական կողմի հանձնառությունն ու աջակցությունը՝ պահպանելու Ռումինիայում ապրող հայերի ինքնությունը և մշակույթը»:

Նախարարը բարձր է գնահատել նաև Ռումինիայի կառավարության աջակցությունը Բուխարեստում գտնվող Սրբոց հրեշտակապետաց Առաջնորդանիստ Հայ Առաքելական տաճարի հիմնանորոգման գործում, որը ևս ժողովուրդների խաղաղ համակեցության դրսևորում է՝ հիմնված ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա։

Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն ևս հանդես է եկել ողջույնի խոսքով՝ մասնավորապես նշելով. «Ռումինիայի ազգային օրվա տոնակատարությունը հիշեցնում է Ռումինիայի և Հայաստանի միջև ամուր և երկարատև կապերի մասին: Մեր երկու երկրները միավորված են միմյանց մշակույթների նկատմամբ փոխադարձ հարգանքով և խաղաղության ու համագործակցության կայուն արժեքներով: Մեր կապերը տարեցտարի ավելի են ամրապնդվում, և լիովին վստահ եմ՝ մեր համագործակցությունը կընդլայնվի առաջիկա տարիներին»:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում Ռումինիայի պատվո հյուպատոս Արման Անդրիկյանը, դիվանագետներ, պաշտոնատար այլ անձինք: