ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ԿԳՄՍՆ բյուջետային հայտը:

Կապիտալ ներդրումներ

Անդրադառնալով մշակույթի ոլորտին՝ նախարարը հատկապես ընդգծել է կապիտալ ներդրումների ծավալը` շեշտելով, որ տարբեր թատրոնների և համերգասրահների համար ձեռք են բերվել լուսաձայնային սարքավորումներ, մեծ թվով գույք, անհրաժեշտ այլ պարագաներ:

«Մշակույթի ոլորտում այս ծավալի ներդրումներ երբևէ չեն արվել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը` ընդգծելով, որ առաջիկայում կբացվի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր շենքը: Այս նպատակով պետությունը հատկացրել է միջոցներ՝ գույքի, լուսային, ձայնային տեխնիկայի ձեռքբերման համար:

Նախարարի նշմամբ` Արտաշատի Ամո Խարազյանի անվան և Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնների համար ևս լուսային, ձայնային տեխնիկա է ձեռք բերվել, ինչը հնարավորություն կտա մարզային թատրոններում ունենալ պատշաճ միջավայր և պայմաններ որակյալ ներկայացումների համար։

Կապիտալ ներդրումներ են ուղղվել Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի, Պետական կամերային երաժշտական թատրոնի, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, «Արամ Խաչատրյան» համերգասրահի նորոգման և բարեկարգման նպատակով, գործիքներ են ձեռք բերվում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և այլ մշակութային կառույցների համար:

Նախարարի տեղեկացմամբ՝ հաջորդ տարվա բյուջեով նախատեսված են Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան և Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնների հիմնանորոգումներ, էական միջոցներ են հատկացվելու երաժշտական գործիքների և սարքավորումների ձեռքբերմանը: «Սա հետևողական պետական ջանք է, որն ուղղված է մշակութային կյանքի որակի բարելավմանը և անհրաժեշտ է արդյունավետ ստեղծագործական աշխատանքի համար»,- ասել է նախարարը:

Նախարարությունը խրախուսում է ֆինանսավորման նոր մոդելի քաղաքականությունը

Նախարարն անդրադարձել է թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելին և նշել, որ այն կգործի նաև Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

«Պետք է հիշեցնեմ, որ ֆինանսավորման նոր մոդելով արդեն իսկ աշխատում են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը և Պետական կամերային երաժշտական թատրոնը: Այս մոդելը նաև էապես բարձրացրել է ոլորտում աշխատող ստեղծագործական կազմերի վարձատրությունը: Նախորդ տարի թատերահամերգային կազմակերպությունները 3.9 միլիարդ դրամ սեփական եկամուտներ են գեներացրել, և ակնհայտ է, որ այս նոր պայմանների ձևավորումը նոր հնարավորություններ է ընձեռում։ Օրինակ՝ այս տարի ամռանը օպերային թատրոնը արձակուրդ չի գնացել, աշխատել է ամբողջ ամառային շրջանի ընթացքում, և ներկայացումներն ունեցել են մեծաթիվ զբոսաշրջիկ-հանդիսատես: Մի կողմից սա թատրոնի համար էապես ավելացրել է սեփական մուտքերը, մյուս կողմից էլ հնարավորություն է տվել ապահովել մշակութային կյանքի բազմազանություն»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ նախարարությունը խրախուսում ֆինանսավորման նոր մոդելի ներդրման քաղաքականությունը:

Մարզերում մշակութային կյանքի ակտիվացում

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Կառավարության կողմից մարզերում մշակութային կյանքի ակտիվացման ուղղությամբ կատարված աշխատանքները՝ ընդգծելով, որ պետական քաղաքականությունն ուղղված է մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը, բոլոր բնակավայրերում դրա հասանելիությանը։

«2025 թվականին նախարարության 17 թատերահամերգային կազմակերպություններ 96 համերգներ և ներկայացումներ են ունեցել տարբեր բնակավայրերում ավելի քան 50.000 հանդիսատեսի համար։ Սա պահանջ է, որը դրվել է նախարարության կողմից կազմակերպությունների հետ կնքվող պայմանագրերում և հայտարարվող դրամաշնորհային ծրագրերում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն իր 100-ամյակի շրջանակում մարզերում իրականացրել է 12 համերգ: Մարզային համերգային գործունեություն են իրականացրել Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Սիմֆոնիկ նվագախումբը: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր խաղաշրջանը բացել է Ստեփանավանում, Ստանիսլավսկու թատրոնը՝ Վանաձորում, Համազգային թատրոնը և մեր մյուս թատրոններն էլ ըստ էության շրջել են գրեթե բոլոր մարզերում։ Մեծ ակտիվություն են ցուցաբերել մարզային թատրոնները, որոնք նաև իրենց հարակից մարզերում են աշխատում: Օրինակ՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնը լրացրել է Վայոց ձորում թատրոնի բացակայությունը՝ ներկայացումներով հանդես գալով Եղեգնաձորում, Վայքում և այլ բնակավայրերում: Այս շարունակական քաղաքականությունը էապես փոխում է մարզերում մշակութային կյանքի հասանելիության մակարդակը: 2025 թվականին իրականացվել է 9 մարզային փառատոն, 40 թատերահամերգային ծրագիր՝ ավելի քան 19000 հանդիսատեսի մասնակցությամբ: Մարզերում անցկացվել է «Ֆեստիվառ» փառատոնը, որն առանձին ծրագիր է և ունեցել է շուրջ 70 000 մասնակից՝ երեք համերգների և հարակից միջոցառումների շրջանակում»,- ասել է նախարարը և ընդգծել, որ այս քաղաքականությունը էապես փոխում է մթնոլորտը և միջավայրը՝ ճանաչելի դարձնելով նաև բնակավայրերը։

Մշակութային ժառանգության ոլորտ. նախատեսված է խիստ վտանգված հուշարձանների վերականգնում

Անդրադառնալով մշակութային ժառանգության ոլորտին՝ նախարարը նշել է, որ այս ուղղությամբ ևս աշխատանքների շարունակական աճ է գրանցվում: Նրա նշմամբ՝ հաջորդ տարի 20 հուշարձանների վերականգնման աշխատանքներ են իրականացվելու, որոնցում ներառված են նաև խիստ վտանգված հուշարձաններ, որոնց վերականգման կամ ամրակայման համար տարիներ շարունակ դժվար է եղել լուծումներ գտնել:

«Հետևողական ջանքի շնորհիվ մենք կարողանում ենք այդ աշխատանքներին նույնպես ընթացք տալ, ինչպես, օրինակ, Սրվեղի վանքի, Տավուշի բերդի և մի շարք այլ կարևոր հուշարձանների նորոգման, ամրակայման և վերականգնման համար»,- ասել է նախարարը:

Թանգարանների ոլորտ

Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է, որ նախարարությունը նաև նախաձեռնել է մշակութային արժեքների ձեռք բերման և թանգարանների հավաքածուների համալրման ծրագիրը, որը 2026 թվականին կշարունակվի: Նախարարի նշմամբ՝ թանգարանային կյանքի ակտիվացումը, նոր ցուցադրությունների կազմակերպումը և տարբեր ծրագրերի իրականացումը նպաստել են ոլորտում էական աճի ապահովմանը, ինչի մասին փաստում են 2025 թվականի առաջին 9 ամիսների սեփական եկամուտների ցուցանիշները:

«Նախարարության ենթակայությամբ թանգարաններն այս տարվա 9 ամիսների ընթացքում կարողացել են գեներացնել ավելի քան 1.2 միլիարդ դրամի սեփական եկամուտներ. նախորդ տարվա համեմատ՝ աճը ավելի քան 20% է: Սա ցույց է տալիս, որ եթե կա հետևողական աշխատանք, ապա արդյունքները ևս չեն ուշանում։ Ձևավորվել է նաև Մշակույթի զարգացման հիմնադրամը, որը թանգարանների վարչատնտեսական կառավարման գործառույթներն է իրականացնում և վարում միասնական մարքետինգային քաղաքականություն»,- ասել է նախարարը և մատնանշել ոլորտում առկա միջազգային համագործակցության զարգացումն ու աճը:

Միջազգային համագործակցություն

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվել է Լուվրի թանգարանի ցուցադրությունը, որի այցելուների թիվն արդեն հատել է 6000-ի սահմանը. «Մեր թանգարաններն ակտիվորեն ցուցադրություններ են կազմակերպում նաև այլ երկրների թանգարաններում: Օրինակ՝ Հայաստանի ազգային պատկերասրահն այս տարի իմպրեսիոնիզմի ցուցադրություն է բացել ֆրանսիական Բարբիզոնում: Գրեթե յուրաքանչյուր օր որևէ թանգարանում նոր ցուցադրություն, գիտաժողով կամ այլ միջոցառում է անցկացվում: Կարծում եմ` թանգարաններում այս աշխույժ կյանքը նաև սեփական եկամուտների աճի վրա է էապես ազդում՝ բացելով նոր հնարավորություններ ոլորտի զարգացման համար»։

Նախարարը հիշեցրել է՝ մշակութային ժառանգության ոլորտում միջազգային համագործակցության ուղղությամբ իրականացվում են գործուն քայլեր և վարվում է ակտիվ քաղաքականություն` ազգային մշակութային արժեքները ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում և Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում գրանցելու ուղղությամբ:

Գրադարանների և գրքի ոլորտ

Նախարար Ժաննա Անդրեասյանը հակիրճ անդրադարձել է նաև գրադարանային գործի և գրքի ոլորտում առկա գործընթացներին և արձանագրել, որ այս ոլորտում նույնպես մեծածավալ աշխատանքներ են իրականացվում: Գրքի երևանյան փառատոնն այս տարի անցկացվել է նաև Գյումրիում և Կապանում` արձանագրելով բավականին դրական արդյունքներ, նպաստելով մարզերի մշակութային կյանքի աշխուժացմանը:

Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ընթացող բարեկարգման աշխատանքները կավարտվեն մինչև 2026 թվականի ապրիլի 24-ը

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ընթացող բարեկարգման աշխատանքներին և ընդգծել, որ այդ աշխատանքներն ավարտվելու են մինչև 2026 թվականի ապրիլի 24-ը:

«Ներկայում հուշահամալիրը և թանգարանը բաց են այցելուների համար: Ընթացող բոլոր աշխատանքները կազմակերպվում են այնպես, որպեսզի դրանք երբևէ չխանգարեն որևէ այցելուի մուտքին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ արձագանքելով պատգամավորի հարցադրմանը:

«Աշխատանքները շարունակվում են. ինքս ամեն շաբաթ այցելում եմ հուշահամալիր, ընթացքը վերահսկվում է մասնագիտական համապատասխան կազմի կողմից, որում ընդգրկված են թե՛ տեխնիկական, թե՛ հեղինակային հսկողություն իրականացնող մասնագետներ: Վերականգնման և բարեկարգման նախագիծը հաստատվել է գիտամեթոդական խորհրդում, որում ներառված են ոլորտի մասնագետները։ Ներկայում իրականացվող մույթերի վերականգնումը նորություն չէ. 2015 թվականին նույն տեխնոլոգիայով իրականացվել է հուշասյան վերանորոգումը։ Բնականաբար, կիրառվող բոլոր տեխնոլոգիական լուծումները շատ երկար ու մանրամասն քննարկվել են գիտամեթոդական խորհրդում։ Բազմաթիվ քննարկումների ժամանակ մասնագետները, այդ թվում՝ հուշահամալիրի հեղինակը, առաջարկել են լուծումներ, որոնք ընտրվել են տարբեր հետազոտությունների արդյունքում: Հայոց ցեղասպանության հուշահամալիրը մեզ համար կարևորագույն նշանակություն ունի. այնտեղ նույնիսկ մեկ միլիմետրի որևէ քայլ անելուց առաջ համապատասխան ընթացակարգ է իրականացվում: Ցանկացած քաղաքացի, որը հետաքրքրվում է նորոգման ընթացքով և ունի որևէ մտահոգություն, կարող է նույնիսկ ինձ հետ գալ այցի և ներկա լինել բոլոր այն մասնագիտական քննարկումներին, որոնք տեղում ունենում ենք»,- ասել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ հուշահամալիրի երեք մույթերում աշխատանքը կամփոփվի, որից հետո ևս մեկ անգամ գիտամեթոդական խորհրդում կքննարկվի նախագծի շարունակությունը:

Նախարարը պատասխանել է հարցերին

Քննարկման ընթացքում ԿԳՄՍ նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են հուշարձանների պահպանմանը, ամրակայմանը, գրադարանների, թանգարանների, թատրոնների և համերգային կազմակերպությունների գործունեությանը: Նախարարը ներկայացրել է նաև կրթության և սպորտի ոլորտներում 2026 թվականի աշխատանքներն ու նախատեսված բյուջետային հատկացումները: