ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր տեղի է ունեցել 2026 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումը:
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտների բյուջետային հայտը ներկայացրել է նախարար Ժաննա Անդրեասյանը` ընդգծելով, որ հաջորդ տարվա բյուջեով ոլորտային պետական հատկացումները էական աճելու են:
Նրա խոսքով՝ հատկացումների աճ նկատվում է Կառավարության ծրագրի ողջ ընթացքում, իսկ 2026 թվականի բյուջեով նախատեսված է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում իրականացնել ավելի քան 200 միջոցառում՝ ընդհանուր շուրջ 420 միլիարդ դրամի չափով։ Սա կազմում է 2026 թվականի պետական բյուջեի հատկացումների մոտ 11.6%-ը։
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ 2025 թվականի համեմատ բյուջետային հատկացումների աճը կազմում է շուրջ 16%, իսկ 2021 թվականի համեմատ՝ 42%։
Կրթության ոլորտի պետական ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի շուրջ 3%-ը
«Ծախսերի շուրջ 85%-ը՝ 356 միլիարդ դրամ, ուղղվում է կրթության ոլորտին։ Սա նշանակում է, որ կրթության ոլորտի պետական ծախսերը կազմելու են ՀՆԱ-ի շուրջ 3%-ը, մինչդեռ 2021 թվականին այս ցուցանիշը կազմել է 2.3%։ Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Կառավարության գործունեության ընթացքում կրթության ոլորտի ծախսերը էապես աճել են»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը։
ԿԳՄՍ նախարարն արձանագրել է՝ այս իրողությունն արձանագրվում է մի իրավիճակում, երբ նույնիսկ զարգացած երկրներում կրթության ոլորտին հատկացվող պետական բյուջեն նվազում է. «ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրապարակած հետազոտության համաձայն՝ հաջորդ տարի աշխարհում կրթության պետական հատկացումները կրճատվելու են շուրջ 24%-ով։ Այս պայմաններում, երբ տարբեր երկրներ օբյեկտիվ պատճառներով գնում են կրթության ոլորտի հատկացումների նվազման ճանապարհով, մեր երկիրը և Կառավարությունը շարունակաբար ավելացնում են կրթության ոլորտին ուղղվող միջոցները։ Սա, առաջին հերթին, միտված է հանրային զարգացմանը, քանի որ մարդկային կապիտալի զարգացման միջոցով է հնարավոր ապահովել երկրի տնտեսական աճն ու անվտանգությունը։ Թերևս չափազանցություն չի լինի ասել, որ անկախության շրջանում այս ոլորտներում այնքան ներդրում չի իրականացվել, որքան արվում է ներկա Կառավարության օրոք»։
ԿԳՄՍՆ բյուջեի շուրջ 38%-ը կազմում են կապիտալ ծախսերը
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ բյուջեի շուրջ 38%-ը՝ 168.7 միլիարդ դրամ, կազմում են կապիտալ ծախսերը։ Դրանք 2021-ի համեմատ աճել են 1168%-ով, իսկ 2025-ի համեմատ՝ 34.8%-ով։ Նա անդրադարձել է նաև կապիտալ ծախսերի կատարողականին. «Տարիներ շարունակ կատարողականը միշտ չէ, որ եղել է բավարար, և այստեղ մենք ունենք բարելավման անհրաժեշտություն։ Այս տարին, սակայն, ցույց է տալիս, որ հետևողական աշխատանքը տալիս է արդյունք` արձանագրելով կապիտալ ծախսերի կատարման որակական փոփոխություններ։ Որպես օրինակ՝ դպրոցաշինության ոլորտում 2025 թվականի առաջին 10 ամիսներին կապիտալ ծախսերի կատարողականը կազմել է շուրջ 64 միլիարդ դրամ։ Համեմատության համար՝ 2023 թվականին այն եղել է 20 միլիարդ, իսկ 2024-ին՝ 40 միլիարդ դրամ։ Այսինքն՝ այժմ մեկ եռամսյակում իրականացվում է այնքան ծախս, որքան նախկինում՝ մեկ տարվա ընթացքում»։
Նրա դիտարկմամբ՝ սա պայմանավորված է ոչ միայն շինարարական ծավալներով, այլև ինստիտուցիոնալ բարեփոխումներով և կարողությունների զարգացման շարունակական աշխատանքով։ Ժաննա Անդրեասյանը նշել է՝ տարբեր կառույցների մեծ թիմերի ջանքերի շնորհիվ ձևավորվել է օրենսդրական և ինստիտուցիոնալ դաշտ, որը նպաստում է աշխատանքների արդյունավետ իրականացմանը. «Ընդհանուր առմամբ՝ դպրոցաշինության և մանկապարտեզների ծրագրերի շրջանակում նախատեսված է շուրջ 385 միլիարդ դրամ բյուջե, որից 2025 թվականի հոկտեմբերի դրությամբ իրացվել է մոտ 153 միլիարդ դրամը։ Այս պահին աշխատանքներն ավարտված են 60 դպրոցում՝ դրանցից 35-ը նորակառույց, 25-ը՝ նորոգված։ Մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի ևս 50 դպրոց՝ 8-ը՝ նորակառույց, 42-ը՝ նորոգված»։
2026 թվականին պատրաստ կլինի 308 դպրոց՝ 139-ը նորակառույց, 169-ը՝ կապիտալ նորոգված
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը նախատեսվում է շահագործման հանձնել ևս 151 դպրոց՝ 49 նորակառույց և 102 նորոգված, իսկ մինչև նույն թվականի դեկտեմբերի 31-ը՝ ևս 47 նորակառույց դպրոց։ Այսպիսով՝ 2026-ի ավարտին պատրաստ կլինի 308 դպրոց՝ 139-ը նորակառույց, 169-ը՝ կապիտալ նորոգված։ 2027 թվականին կավարտվի ևս 49 դպրոցի շինարարություն՝ ծրագրի շրջանակում նմանօրինակ դպրոցների թիվը հասցնելով 357 դպրոցի։
Պատրաստվում է հաջորդ 300 դպրոցների ցանկը
«Սա, իհարկե, ամբողջությամբ չի լուծում ոլորտի բոլոր խնդիրները, քանի որ տարիների ընթացքում ենթակառուցվածքների մաշվածությունը և պահպանման անբավարար ֆինանսավորումը հանգեցրել են ավելի լայնածավալ խնդիրների։ Այդ պատճառով արդեն պատրաստվում է հաջորդ 300 դպրոցների ծրագրի ցանկը։ Այս ծրագրի շահառու է լինելու հանրակրթության համակարգի սովորողների շուրջ մեկ երրորդը՝ ավելի քան 107 հազար երեխա։ Նրանց մեծ մասն արդեն իսկ օգտվում է նոր, ժամանակակից պայմաններից»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ 2019 թվականին Հայաստանում 71 դպրոց չուներ ջրամատակարարում։ 2024-ի ավարտին այդ թիվը նվազել է 30-ով։ Կոյուղի չունեցող դպրոցների թիվը 2019-ի 138-ից նվազել է 41-ով, իսկ վառարանով կամ էլեկտրական ջեռուցիչով տաքացվող դպրոցների թիվը՝ 438-ից 345։ Ընդհանրապես, չջեռուցվող դպրոցների թիվը նույնպես էապես կրճատվել է և տարեվերջին, հավանաբար, այդպիսի դպրոց չի մնա, ինչը վկայում է համակարգային բարեփոխման մասին. «Դրական միտում կա նաև նախադպրոցական կրթության ոլորտում. եթե 2019 թվականին գյուղական բնակավայրերում գործել է 439 մանկապարտեզ, ապա 2024 թվականի ավարտին դրանց թիվը հասել է 630-ի՝ մոտ 200-ով ավելի։ Սա դեռ չի ներառում 2025-ի ընթացքում բացված նոր մանկապարտեզները, որոնց բացումները գրեթե ամեն շաբաթ կատարվում են տարբեր մարզերում»։
Դպրոցների 60%-ն ունի լաբորատորիաներ
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ Կառավարության մեկ այլ կարևոր թիրախ է դպրոցների հագեցումը ժամանակակից բնագիտական և տեղեկատվական լաբորատորիաներով։ Շուր 800 դպրոց՝ հանրակրթական ուսւոմնական հաստատությունների մոտ 60%-ը, արդեն ունի համապատասխան լաբորատորիաներ, իսկ հաջորդ տարի նախատեսվում է, որ բոլոր դպրոցները կունենան անհրաժեշտ սարքավորումներ։ Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ՝ սա կրթության որակի բարձրացման կարևոր ուղղություն է, որը նկատելիորեն ավելացրել է աշակերտների հետաքրքրությունը բնական և տեխնոլոգիական գիտությունների հանդեպ։
Ուսուցիչների դրույքային ծանրաբեռնվածությունը կնվազի
«Եթե դիտարկենք միայն դպրոցների ստանդարտ ֆինանսավորումը (աշխատավարձային ֆոնդ, կոմունալ ծախսեր և այլն), ապա 2019 թվականին այն կազմել է 85.26 միլիարդ դրամ, իսկ 2026 թվականի բյուջեով նախատեսվում է 131.6 միլիարդ դրամ՝ 64.8% աճ 2019-ի համեմատ։ Կարևոր բարեփոխումներից է նաև ուսուցչական ծանրաբեռնվածության վերանայումը․ եթե նախկինում մեկ դրույքը 22 դասաժամ էր, ապա այժմ այն սահմանվել է 18 դասաժամ՝ տարրական և 20 դասաժամ՝ հիմնական և ավագ դպրոցների համար։ Սա ուղղակիորեն նպաստում է կրթության որակի բարձրացմանը և ուսուցչի աշխատանքի արժևորմանը»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանն ու նշել՝ 2019 թվականին ուսուցիչների մեծ մասն աշխատել է թերբեռնված՝ մինչև կես դրույքով և ունեցել է ցածր վարձատրություն: Եթե 2019-ին մեկ դրույք և ավելի ծանրաբեռնված է եղել 6971 ուսուցիչ՝ ընդհանուր 31 հազարից, ապա այսօր այդ թիվը կրկնապատկվել է՝ հասնելով մոտ 14 հազարի։
«Սա վկայում է համակարգի արդյունավետության բարձրացման և մարդկային ռեսուրսների ճիշտ օգտագործման մասին։ Այս ամենը կրթության ոլորտում իրականացվող կառավարման և ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղիղ արդյունքն է»,- ամփոփել է ԿԳՄՍ նախարարը։
Բարձրացել է ուսուցչական կազմի կրթական մակարդակը
«2019 թվականին մենք համակարգում ունեինք ավելի քան 2200 ուսուցիչներ, որոնք չունեին բարձրագույն կրթություն։ Այսօր համակարգում մնացել են միայն 594 նման ուսուցիչներ, որոնք կամավոր ատեստավորմամբ հավաստել են իրենց առարկայական իմացությունը և շարունակում են աշխատել»,- տեղեկացրել է Ժաննա Անդրեասյանը։
Առաջիկա կամավոր ատեստավորմանը դիմել է 8400-ից ավել ուսուցիչ
Նրա փոխանցմամբ՝ 6300-ից ավելի ուսուցիչներ արդեն իսկ կամավոր ատեստավորում են անցել. այս տարի ատեստավորմանը մասնակցելու նպատակով դիմել են 8400-ից ավել ուսուցիչներ: Մյուս տարվա համար ուսուցիչների խրախուսման ծրագրերին պետական բյուջեով նախատեսված է ավելի քան 20 միլիարդ դրամ, որը կրկնակի ավելի է 2024 թվականի համեմատ։
Կրթության համակարգում երեխաների ընդգրկվածության մասին
Անդրադառնալով պետական ծրագրերի ազդեցությանը կրթության որակի վրա՝ նախարարը խոսել է մի քանի ցուցանիշների մասին` ընդգծելով, որ կրթության համակարգում երեխաների ընդգրկվածությունը էապես աճել է. «Պաշտոնական վիճակագրությամբ 2019-ին այդ ցուցանիշը 83.2% էր, 2024-ի պաշտոնական վիճակագրությամբ 90.2%՝ մասնագիտական կրթության և ուսուցման համակարգում սովորողների ընդգրկվածությունը չհաշված։ Ներառելով մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը, որում ընդգրկված է 9-րդ դասարանի յուրաքանչյուր երրորդ շրջանավարտը, կունենանք ավելի քան 94% ցուցանիշ»:
Փոքրաքանակ սովորողներով բնակավայրերի կրթահամալիրները կունենան տրանսպորտային միջոցներ և կծառայեն որպես համայնքային կենտրոններ
Նախարարն անդրադարձել է նաև փոքրաքանակ սովորողներով բնակավայրերի համար նոր կրթահամալիրների կառուցման ծրագրին` ընդգծելով, որ այդ ծրագրով պետությունը ստանձնում է հանձնառություն՝ բոլոր երեխաների համար ապահովել որակյալ և մատչելի կրթության հավասար պայմաններ՝ անկախ բնակության վայրից:
Կառավարության վերջին նիստում հաստատվել է համապատասխան գնման առանձնահատկությունները սահմանող որոշում. ըստ այդմ՝ ԿԳՄՍ նախարարությունը, միջգերատեսչական հանձնաժողովի ներգրավմամբ, կհայտարարի տրանսպորտային միջոցների ձեռքբերման երկփուլ մրցույթ: Գործընթացում առանձնակի կկարևորվի տեխնիկական բնութագրի կազմումը, որտեղ պետք է հաշվի առնվեն նաև մատչելիության պայմանները: Նախարարի փոխանցմամբ՝ որոշվել է էլեկտրական տրանսպորտային միջոցներ ձեռք բերել՝ հաշվի առնելով նորակառույց դպրոցներում արևային կայանների տեղակայման նպատակադրումը, ինչը ենթադրում է, որ էլեկտրական տրանսպորտային միջոցը նաև պահպանման տեսանկյունից դառնում է ավելի արդյունավետ։ «Քննարկումների արդյունքում պլանավորված է, որ առաջին փուլում կունենանք մինչև 35 տրանսպորտային միջոց: Դրանք ձեռք կբերի ԿԳՄՍ նախարարությունը և կգործարկի բոլոր այն տեղերում, որոնցում ապահովված կլինեն ծրագրի անհրաժեշտ բաղադրիչները՝ նորակառույց կրթահամալիր, ամբողջությամբ բարվոք և նորոգված ճանապարհներ: Ներքին գործերի նախարարության գործընկերներ հետ զուգահեռաբար աշխատանքներ պետք է տարվեն նաև համապատասխան վարորդների ընտրության, նրանց համար լրացուցիչ դասընթացների կազմակերպման ուղղությամբ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ դպրոցականներին տեղափոխող տրանսպորտային միջոցներում նաև ուղեկցողներ պետք է լինեն:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նորակառույց կրթահամալիրները կծառայեն նաև որպես համայնքային կենտրոններ. «Նոր կառուցվող մոդուլային դպրոցներում կան սպորտային, մշակութային, հանրային միջոցառումների համար նախատեսված անհրաժեշտ բոլոր պայմանները։ Նորակառույց կրթահամալիրների կանոնադրություններում համապատասխան դրույթներով պետք է ամրագրվեն նաև համայնքային կենտրոնների գործառույթները. այս պահին ամբողջականացվում են կանոնադրությունների նշված կարգավորումները: Դա նշանակում է, որ տվյալ դպրոցում կամ կրթահամալիրում պետք է լինի նաև համապատասխան աշխատակից, որը կիրացնի սահմանված գործառույթը: Այս կենտրոնները գալիս են լրացնելու մարզերում երիտասարդական կենտրոններ հիմնելու պետական քաղաքականությանը»:
80 մեդալ միջազգային օլիմպիադաներում
Սովորողների միջազգային մրցունակության բարելավման կարևոր ցուցանիշներից է մասնակցությունը միջազգային օլիմպիադաներին։ Այս տարի 20 միջազգային օլիմպիադաներում մեր աշակերտները 80 մեդալ են նվաճել՝ 12 ոսկի, 29 արծաթ, 49 բրոնզ: «Դրանցից մեկն արհեստական բանականության երկրորդ միջազգային օլիմպիադան էր, որին մասնակցում էինք առաջին անգամ»,- ասել է նախարարը` հիշեցնելով, որ 38 դպրոցի ավագ դասարաններում սովորող ավելի քան 1000 աշակերտներ արհեստական բանականություն են սովորում։
Սոցիալական կրեդիտի մասին
Նա անդրադարձել է նաև սոցիալական կրեդիտի ներդրմանը, մասնավորապես՝ ոչ ֆորմալ կրթական ծրագրերից օգտվելու հնարավորությանը: Ըստ նոր ցուցանիշների՝ եթե 2022-2024 թթ. եղել է 120 երաշխավորված ոչ ֆորմալ կրթական ծրագիր, ապա միայն այս տարի Կառավարության հետևողական քաղաքականության արդյունքում արդեն իսկ կա 725 երաշխավորված ոչ ֆորմալ կրթական ծրագիր:
Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի ձեռքբերումները
«Ակադեմիական քաղաք» ծրագրի գործնական իրագործման փուլ
Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի կարևոր ծրագրերից Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է «Ակադեմիական քաղաք» նախագծին, որի հատկացումները հաջորդ տարի կկազմեն շուրջ 5 միլիարդ դրամ՝ կրկնակի ավելի, քան այս տարի: «Մենք մտել ենք «Ակադեմիական քաղաք» ծրագրի գործնական իրագործման փուլ: Վերջերս ամփոփվեց 14 քաղաքային բնակավայրերում անցկացված հանրային արշավը, հոկտեմբերի 20-21 կազմակերպվեց ծրագրին նվիրված միջազգային համաժողով, որին շատ լայն մասնակցություն ունեցան ոլորտի տարբեր փորձագետներ, ՀՀ բուհերի, ինչպես նաև տարբեր երկրների պատվիրակություններ: Արդյունքները ևս մեկ անգամ հավաստեցին ծրագրի մրցունակությունը և երկրի հանրային զարգացման համար հեղափոխական նշանակությունը: Այս պահին ամփոփման փուլում է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը՝ համաձայն մեր օրենսդրության»,- ասել է ԿԳՄՍ նախարարը։
Այս շաբաթ կմեկնարկեն ակադեմիական քաղաքի մաքրման աշխատանքները: Տեղեկացնելով, որ մաքրման աշխատանքներում ընդգրկված է պրոֆեսիոնալ ծառայություն, նախարարը հանրությանը կոչ է արել մասնակից դառնալ այդ գործընթացին:
Ներդրումային պլանը նույնպես մշակման ընթացքում է հեղինակավոր խորհրդատվական կազմակերպության կողմից: Առաջին փուլում պլանավորվել է տեխնոլոգիական կլաստերի, շուրջ 3600 տեղ հզորությամբ ուսանողական կացարանների և անհրաժեշտ այլ ենթակառուցվածքների կառուցումը: Ծրագրի հետ կապված բոլոր մանրամասները ներառված են պետական բյուջեում, և աշխատանքները կիրականացվեն նաև այլ ներդրումների ներգրավման միջոցով:
«Բարձրագույն կրթություն և գիտության մասին» նոր օրենքի մասին
Ժաննա Անդրեասյանը տարվա ձեռքբերումներից է համարել նաև «Բարձրագույն կրթություն և գիտության մասին» նոր օրենքի ընդունումը՝ նշելով, որ այժմ քննարկման է ներկայացված Գիտության ռազմավարությունը՝ առաջիկա հինգ տարիների համար:
«2025 թվականի հունվարից աշխատավարձերի բազային ֆինանսավորման փուլային բարձրացումները հասել են իրենց հանգրվանին: Որոշ դեպքերում մինչև չորս անգամ բարձրացել են բազային ֆինանսավորման չափերը՝ ապահովելով նաև միջազգային մրցունակություն»,- ասել է նախարարը և հավելել՝ առաջիկայում նախատեսվում է նաև ամբողջական համապետական ատեստավորում:
Այս տարի գիտության ու գիտական հետազոտության հնարավորությունների ընդլայնմամբ պետությունը կարևոր նախաձեռնություն է սկսել մասնավոր ոլորտի համար: Արդեն իսկ ներկայացվել են հայտեր, գնահատվել է՝ որքանով են մասնավոր համակարգից ներկայացրած հայտերը համապատասխանում գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների չափանիշներին: Այս պահին մասնավոր 42 կառույց՝ 521 հետազոտողով, իրականացնում է գիտահետազոտական աշխատանքներ և փորձարարական մշակումներ:
Նախարարը պատասխանել է հարցերին
Քննարկման ընթացքում ԿԳՄՍ նախարարը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են դպրոցաշինությանը, նորակառույց դպրոցների համար նոր գույքի ձեռքբերմանը, գնահատման համակարգին, փոքրաքանակ սովորողներ ունեցող բնակավայրերի համար կրթահամալիրների կառուցմանը և դպրոցականների տեղափոխման համար տրանսպորտային ծառայության ապահովմանը, ուսուցիչների կամավոր ատեստավորմանը, տնօրենների նշանակմանը և մի շարք այլ հարցերի:
Նախարարը ներկայացրել է նաև մշակույթի և սպորտի ոլորտներում 2026 թվականի աշխատանքներն ու նախատեսված բյուջետային հատկացումները: