ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել Հայաստանի և Կիպրոսի միջև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության զարգացման անհրաժեշտությունը։ Կողմերն ընդգծել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և տարբեր ուղղություններով համագործակցության խորացման կարևորությունը։
Ժաննա Անդրեասյանը դեսպան Մավրոսին ներկայացրել է հոկտեմբերի 20–21-ը Երևանում կայանալիք «Ակադեմիական քաղաք Հայաստան․ գիտելիքի միջազգային ֆորում» միջոցառման մանրամասները։
Դեսպան Մավրոսը բարձր է գնահատել Կիպրոսի և Հայաստանի համագործակցության ներուժը՝ հատկապես տեխնոլոգիական կրթության ոլորտում։ Նա ընդգծել է կիպրական կողմի հետաքրքրությունը՝ ուսումնասիրելու հայկական փորձն այս ուղղությամբ։
Անդրադառնալով կրթական համագործակցության խորացմանը՝ դեսպան Մավրոսը տեղեկացրել է, որ Կիպրոսի Հանրապետության մի շարք համալսարաններ 2026–2027 ուսումնական տարում նախատեսում են կրթաթոշակային ծրագրեր ՀՀ քաղաքացիների համար։ Կրթաթոշակները կտրամադրվեն բակալավրիատի մակարդակում՝ տարբեր ակադեմիական ուղղություններով։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մշակույթի, զբոսաշրջության և հնագիտության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ ընդգծելով առկա մեծ ներուժը և փոխադարձ հետաքրքրությունը։
Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր՝ նպատակ ունենալով ընդլայնել Հայաստանի և Կիպրոսի միջև համագործակցության շրջանակները։