Հոկտեմբերի 17-ը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրն է: Օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարարությունը 8-12-րդ դասարանների աշակերտների շրջանում հոկտեմբերի 3-9-ը հայտարարել էր մրցույթ` «Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգությունը» խորագրով: 7 օրվա ընթացքում մրցույթին մասնակցել է շուրջ 1700 աշակերտ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հաղթող աշակերտներին հանձնել է շնորհակալագրեր և խրախուսական նվերներ: Միջոցառումը տեղի է ունեցել Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում: Ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դպրոցականներին տոնի և մրցույթում հաղթելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ անկախ մրցույթներից՝ մեր հանրության շրջանում Ոչ նյութական մշակութային ժառանգության օրը նշելու ավանդույթ կձևավորվի. «Շատ կարևոր է, որ մեր առօրյայի մասը կազմող ոչ նյութական մշակութային ժառանգությունը կարողանանք հստակ ճանաչել, տարբերել և հասկանալ, թե ինչպես պահպանել և զարգացնել այն։ Կարծում եմ՝ մեր հարուստ ոչ նյութական մշակութային ժառանգությունը կարող է դառնալ ներշնչանքի աղբյուր և ստեղծագործական աշխատանքի մոտիվացիա»:

Նախարարն ընդգծել է՝ մրցույթին մասնակցության բարձր ցուցանիշը վկայում է այն մասին, որ ոլորտի նկատմամբ հետաքրքրվածություն կա, որը լավ հիմք է այս ուղղությամբ հետագա անելիքների պլանավորման համար:

«Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը, զարգացումն ու հանրահռչակումն առաջնահերթություն են, որն ամրագրված է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությամբ: ՀՀ պետական, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում նոր արժեքների համալրումը շարունակական աշխատանք է»,- ասել է նախարարը:

Նա կարևորել է այս գործընթացում հատկապես դպրոցականների ներգրավումը՝ շտեմարաններում անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրելու և ներառելու տեսանկյունից: Ժաննա Անդրեասյանը կոչ է արել աշակերտներին իրենց ընկերներին ևս ոգևորել՝ մասնակցելու նման նախաձեռնություններին և շնորհակալություն է հայտնել մանկավարժներին շարունակական ջանքերի համար:

Որպես խրախուսական նվեր՝ հաղթողներին հանձնվել են Աստղիկ Իսրայելյանի «Աղ ու հաց» (2023 թ.,) գիրքը և թանգարանի՝ կարպետագործության կամ ազգային երգ ու պարի ուսուցման ծրագրին մասնակցության հնարավորություն:

Միջոցառման շրջանակում աշակերտները շրջայց են կատարել թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին, ինչպես նաև օրվա կապակցությամբ բացված «Խեցեգործության վարպետության դինամիկա» ցուցահանդեսին: Թանգարանի ժամանակավոր ցուցասրահներից մեկում ներկայացվել են վարպետների աշխատանքները, իսկ մյուսում՝ կավից ստեղծագործություն անցնելու ճանապարհը: Ցուցադրության կենտրոնական իրադարձություններն են ինտերակտիվ վարպետաց դասերը (Workshops)։ Ցուցադրության ողջ ընթացքում ամեն օր այցելուները հնարավորություն կունենան անմիջապես վարպետից սովորելու կավով աշխատանքի ճշգրիտ տեխնիկաները, գունանյութերի քիմիան և թրծման գաղտնիքները: Նախարարը շնորհակալություն է հայտնել թանգարանին ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման, ժողովրդական վարպետներին տեսանելի դարձնելու և հանրությանը մշակութային ժառանգությանն առնչակցելու համար: