ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա կապակցությամբ (հոկտեմբերի 17) 8-12-րդ դասարանների աշակերտների շրջանում հայտարարում է մրցույթ` «Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգությունը» խորագրով:
Մրցույթը վերաբերում է ոչ նյութական մշակութային ժառանգության տարբեր դրսևորումներին՝ Հայաստանի պետական և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում գրանցված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքներին: Մրցույթի նպատակն է ոչ միայն արժևորել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը, այլև նպաստել հանրակրթական դպրոցներում այդ ժառանգության ճանաչելիության բարձրացմանը, որը կարող է նշանակալի ներդրում լինել կրթության որակի բարելավման գործում՝ խթանելով մշակութային բազմազանության գնահատումն ու դրա նկատմամբ հարգանքի ձևավորումն աշակերտների շրջանում:
Մրցույթի պայմաններն ու կանոններն են.
- հոկտեմբերի 3-ից 9-ը ներառյալ՝ ժամը 20:00-ին, ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում (https://www.facebook.com/minESCSarm) կհրապարակվեն Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգությանը վերաբերող տարաբնույթ հարցեր,
- այն սովորողը, որն առաջինը մեկնաբանությունների հատվածում կտեղադրի օրվա հարցի ճիշտ պատասխանը, կհամարվի օրվա հաղթող,
- պատասխանը պետք է գրել հայատառ,
- պետք է գրել ֆեյսբուքյան անձնական էջից,
- արդեն իսկ հրապարակված տարբերակը ենթակա չէ խմբագրման, լրացման, փոփոխման,
- հրապարակված պատասխանում պետք է գրել նաև անուն, ազգանուն, մարզ, քաղաք/գյուղ, ուսումնական հաստատություն, դասարան,
- նշված կանոններին ու պայմաններին չհամապատասխանող պատասխանները չեն դիտարկվելու:
Օրվա հաղթողի անունը կհրապարակվի հաջորդ օրը՝ հարցի հետ զուգահեռ (ԿԳՄՍՆ ինստագրամյան էջում՝ min.escs.arm): ԿԳՄՍ նախարարությունը հաղթողի հետ կապ կհաստատի բացառապես ուսումնական հաստատության միջոցով:
Հաղթողները կպարգևատրվեն խրախուսական նվերներով:
Աշակերտների համար որպես օժանդակ նյութ՝ ներկայացվում են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության և ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված ՀՀ արժեքների ցանկերի հղումները՝ https://tinyurl.com/4wty2dps, https://tinyurl.com/cps95h2w: