«Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հիմնադրման 80-ամյակը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը, ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, գիտակրթական և մշակութային ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես նաև հյուրեր արտերկրից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, ողջունել ներկաներին և շնորհավորել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հիմնադրման 80-րդ տարեդարձի առիթով: Վարչապետի խոսքով՝ ինստիտուտի գործունեության հետ են կապված Հայաստանի սպորտային փառապանծ հաջողությունները, որոնցով բոլորը շարունակաբար հպարտանում են:
«Իմ գնահատանքի և հարգանքի տուրքն եմ մատուցում բոլոր վաստակաշատ գործիչներին, որոնք ապահովել են մեր սպորտի փառքը և այդպիսով մեզ բոլորիս լիցքավորել մեծ էմոցիաներով ու էներգիայով»,- ասել է վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար:
Վարչապետն ընդգծել է, որ հաջողությունների ճանապարհն ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում, անցնում է կրթության միջոցով. «Եթե կրթության ոլորտում չունենանք լուրջ հաջողություններ, մրցահարթակներում չենք կարող ունենալ ավելին, քան այսօր ունենք»։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում անհրաժեշտ մարզական ենթակառուցվածքների ապահովմանն ու մարզերում մարզական կենտրոններ ստեղծելուն: Նա նշել է՝ նորակառույց բոլոր դպրոցներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ոչ միայն ֆիզկուլտուրայի դահլիճներին, այլև բացօթյա մարզական ենթակառուցվածքներին, իսկ մասնավորի հետ համատեղ աշխատանքներ են իրականացվում մարզերում մարզական կենտրոններ ստեղծելու ուղղությամբ:
Ելույթներով հանդես են եկել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը:
Միջոցառման շրջանակում ցուցադրվել է տեսաֆիլմ բուհի անցած ճանապարհի և ապագայի տեսլականի մասին, որից հետո տեղի է ունեցել Պատվո շքանշանների հանձնման հանդիսավոր արարողությունը: