ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Լեզվի մասին» և «Կրթության մասին» ՀՀ օրենքներում առաջարկվող փոփոխությունները: Հիմնական զեկուցողը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էր։

Նախարարի ընդգծմամբ՝ ««Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ Կառավարությունը ներկայացրել է առաջարկներ, որոնք ուղղված են օրենսդրական փաթեթում ներկայացված ձևակերպումների և օգտագործվող արտահայտությունների հստակեցմանը. բովանդակային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Պատգամավորական առաջարկներին անդրադառնալով՝ Ժաննա Անդրեասյանը նշել է՝ լինելու է ավելի ընդլայնված փոփոխությունների փաթեթ, որը ներառելու է նաև վերահսկողական մեխանիզմների լավարկման հնարավորություններ՝ հիմք ընդունելով համակարգում տեսչական գործառույթների իրականացման տրամաբանությունը:

Մյուս առաջարկը վերաբերել է «Լեզվի մասին» օրենքում հայերենի կանոնարկման խնդիրներին: «Լեզվական քաղաքականությունը պետության ու պետականության ամրապնդման կարևորագույն գործիքակազմերից է, և մենք այս ուղղությամբ պետք է ավելի համակարգային մոտեցումներ որդեգրենք: Այս փուլում ունենք գործնական կարգավորման հրատապություն պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ կիրառվող թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների համապատասխանեցման մասով: Եթե ունենք ընդունված ձևակերպումներ, հասկացություններ, որոնք կարող են էական լինել միջպետական հարաբերությունների, դիվանագիտության և որևէ այլ հարթությունում, ապա, կարծում եմ, որ ցանկացած պաշտոնատար անձի աշխատանքային ու պաշտոնեական պարտականություններից է բխում տիրապետել այդ հասկացություններին ու եզրույթներին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը ներկայացրել է նաև հանրակրթության ոլորտում լիազոր մարմնի սահմանմանն առնչվող օրենսդրական փոփոխության նախաձեռնությունը, որով առաջարկվում է հանրակրթական բոլոր դպրոցների համար սահմանել մեկ պետական լիազոր մարմին՝ ի դեմս ՀՀ ԿԳՄՍ նախարարության: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում Կառավարությունը ներկայացրել է մի շարք առաջարկներ: Ըստ այդմ՝ հստակեցվել են վարչատնտեսական համակարգողի նշանակման և գործառույթների հետ կապված հարաբերությունները: Հաջորդ բովանդակային փոփոխությունը վերաբերում է մանկավարժական աշխատողի սահմանմանը. առաջարկվում է մասնագիտացված կրթական, մանկավարժահոգեբանական ծառայություն իրականացնող կառույցների աշխատակիցների ստաժը նույնպես համարել մանկավարժական:

Նշենք, որ օրենքի նախագծի հարակից զեկուցողն էր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը: Քննարկված նախագծերը ստացել են գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը: