ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից համատեղ իրականացվող «Արհեստական բանականության սերունդ» դպրոցական կրթական ծրագիրը կընդլայնվի նախատեսվածից ավելի վաղ՝ ընդգրկելով բոլոր մարզերը։
Այսօր տեղի է ունեցել ծրագրի ընդլայնմանը նվիրված պաշտոնական միջոցառումը, որին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, FAST-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անդրե Անդոնյանը, FAST-ի համահիմնադիր, գիտնական և գործարար Նուբար Աֆեյանը, գործընկեր կառույցների ներկայացուցիչներ, ծրագրի շահառու դպրոցականներ, ուսուցիչներ:
Միջոցառման շրջանակում ամփոփվել են 2023 թ.-ից ՀՀ ավագ դպրոցներում փորձարկվող ծրագրի 2-րդ տարվա արդյունքները, ինչպես նաև ընդլայնման ուղղությունները: 2025/2026 ուստարում ծրագրում արդեն ընդգրկվել է ՀՀ բոլոր մարզերի 19 քաղաքի 26 դպրոցի շուրջ 1000 սովորող, այն դեպքում, երբ 2024/2025 ուստարում ծրագրում ընդգրկված էր 15 դպրոցի ավելի քան 600 աշակերտ: Ակնկալվում է, որ 2026-2027 ուստարում «ԱԲ սերունդ» ծրագրում կընդգրկվի մինչև 45 դպրոց:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ծրագրի ընդլայնման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այն հասանելի է ՀՀ բոլոր մարզերի ավելի մեծ թվով աշակերտների համար.«Արդեն հազարից ավելի սովորողներ ծրագրի շահառու են․ սա մեծ ձեռքբերում է, որը հնարավոր է դարձել FAST հիմնադրամի և ԿԳՄՍ նախարարության նվիրված աշխատանքի շնորհիվ։ Շատ կարևոր է, որ նախագծային մակարդակում ծնված գաղափարներն իրականություն դառնան դպրոցներում»։
Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նաև դպրոցների ուսուցիչներին համագործակցության և արդյունավետ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ առանց նրանց ջանքերի՝ ծրագրի հաջողությունն անհնար կլիներ։ Որպես ծրագրի կարևոր հաջողություն՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է միջազգային հարթակներում Հայաստանի փորձառությամբ կիսվելու հնարավորությունը. «Սկսելով փոքր քայլերից՝ այսօր մեր փորձը կիսում ենք միջազգային տարբեր հարթակներում։ Սա վկայում է ԿԳՄՍՆ-ի և FAST-ի համագործակցության օրինակելի մոդելի մասին։ Պետությունը պետք է կարողանա լսել համարձակ ու նորարար գաղափարները և դրանք դարձնել համակարգային փոփոխությունների մաս։ Այսօր մենք դա անում ենք համատեղ ուժերով»։
ԿԳՄՍ նախարարը փաստել է՝ տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի այցեքարտերից մեկը: Այս համատեքստում նա անդրադարձել է կրթական արտադրանքներին, որոնք ճանաչելի են և փոխառնելի նաև այլ երկրների համար։
«Հաջորդ շաբաթ քննարկելու ենք «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, որը մեր մյուս հավակնոտ նախաձեռնությունն է բարձրագույն կրթության և հետազոտության նոր որակի և մրցունակության բարձրացման ճանապարհին: Այս բոլոր աշխատանքները ցույց են տալիս մեր պետության ընդգծված առաջնահերթությունը տեխնոլոգիական կրթության ուղղությամբ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
Միջոցառման շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է նաև «Արհեստական բանականության կրթությունը և նորարարության ուղիները՝ առաջընթացի հեռանկարներ» խորագրով պանելային քննարկմանը։ Նա նշել է, որ համակարգային փոփոխությունները պահանջում են հետևողական աջակցություն. «Փոփոխությունները չեն կարող տեղի ունենալ ինքնաբերաբար. անհրաժեշտ են հստակ պլանավորում և պատրաստված համակարգ։ Ուստի, մեծ նշանակություն ունիեն ուսուցիչների վերապատրաստումը և փորձի փոխանակումը, որպեսզի նրանք կարողանան արդյունավետորեն ներդնել նոր մոտեցումներ ուսուցման գործընթացում»։
ԿԳՄՍ նախարարի ընդգծմամբ՝ համատեղ ծրագրի ամենակարևոր առանձնահատկություններից մեկը հասանելիությունն է։
«Մենք պատասխանատու ենք մեր բոլոր երեխաների առաջ և պարտավոր ենք ապահովել յուրաքանչյուր երեխայի մրցունակ կրթությունը, որը կօգնի նրան լուծել իր առօրյա խնդիրները, գտնել պատասխաններ համայնքի և կյանքի մարտահրավերներին»,- ընդգծել է նախարարը՝ շեշտելով, որ դպրոցականների ներկայացրած նախագծերն «ԱԲ սերունդ» ծրագրի հաջողվածության լավագույն ապացույցն են։
Միջոցառման շրջանակում ելույթներով հանդես են եկել ծրագրի շահառու դպրոցականները: Անդրադարձ է եղել նաև Չինաստանի մայրաքաղաք Պեկինում օգոստոսի 2-9-ն անցկացված Արհեստական բանականության 2-րդ միջազգային օլիմպիադայում (IOAI) հայ դպրոցականների գրանցած հաջողություններին: Օլիմպիադայում Հայաստանը ներկայացրել են Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի «ԱԲ սերունդ» ծրագրի աշակերտներ Արամ Ամիրխանյանը, Սերյոժա Նազարյանը, Վահե Պլուզյանը և Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի 11-րդ դասարանի «ԱԲ սերունդ» ծրագրի աշակերտ Դավիթ Ջաղացպանյանը։ Թիմային հաշվարկում Հայաստանի թիմը զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը, իսկ անհատական մրցույթում բրոնզե մեդալի է արժանացել Արամ Ամիրխանյանը։ Օլիմպիադային մասնակցել է 60 երկրի 284 աշակերտ:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նաև ծանոթացել են «ԱԲ սերունդ» ծրագրի աշակերտների նախագծային աշխատանքներին, զրուցել դպրոցականների հետ: