Հայաստանի Հանրապետությունում այսօր նշվում է Գրադարանավարի օրը: Տոնի առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար ոլորտի 45 ներկայացուցիչների պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով, պատվոգրերով ու շնորհակալագրերով: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին Գրադարանավարի օրվա առիթով և շնորհակալություն հայտնել երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար. «Ձեր աշխատանքի շնորհիվ է, որ գրադարանները շարունակում են մնալ մեր կյանքի կարևոր մասնիկը՝ ձևավորելով կրթական, մշակութային, միջազգային հաղորդակցության միջավայր: Ձեր աշխատանքի գնահատման լավագույն վկայությունը, թերևս, ընթերցողներն են, որոնք պետք է չպակասեն մեր գրադարաններից: Դուք կրում եք այն կարևոր պատասխանատվությունը, որ մի անգամ գրադարան մտնելով՝ երեխաները կրկին ցանկանան վերադառնալ»:

Նա ընդգծել է՝ տեխնոլոգիական զարգացումների համատեքստում կարևոր է հասկանալ, թե գրադարանը ինչ վերափոխումների կարիք ունի, որպեսզի շարունակի մնալ արդիական, լինի ակտիվ երկխոսության մասնակից ու ստեղծված լայն հնարավորությունների կրող: Նախարարը նշել է գրադարանավարի շարունակական վերապատրաստման ծրագրերի անհրաժեշտությունը նաև միջազգային փորձի տեղայնացման առումով:

«Նախորդ տարի իրականացված ««Գրադարանների և գրադարանային գործի մասին» օրենքի փոփոխությամբ՝ օրենսդրական հնարավորություններ են նախատեսված գրադարանների վերափոխման ուղղությամբ: Այս համատեքստում, կարծում եմ, գրադարանները քննարկումների, շփման ու ժամանցի կարևոր կենտրոններ դառնալու կարևոր նշանակություն պետք է ունենան»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ վերահաստատելով նախարարության հանձնառությունը գրադարանների զարգացման և գրադանավարների գործունեության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու գործում:

Նշենք, որ ՀՀ-ում գործող 641 գրադարանից 12-ը ԿԳՄՍ նախարարության ենթակայության են: Հաշվի առնելով ընթերցողների պահանջները, ինչպես նաև գրական և գիտական դաշտում թարմացվող հրատարակությունները՝ նախարարության աջակցությամբ գրադարանների գրքային ֆոնդը մշտապես համալրվում է: Գրադարանները տարեկան սպասարկում են ավելի քան 110 հազար ընթերցողի, իսկ հաճախումների թիվը գերազանցում է 1 միլիոնը: Օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության գրադարաններում կազմակերպվելու են տարբեր միջոցառումներ: